Ահաբեկչություն ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի տարածքում՝ Մոսկվա-Անկարա ջերմության ֆոնին

Mar 07, 2018 Comments Off on Ահաբեկչություն ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի տարածքում՝ Մոսկվա-Անկարա ջերմության ֆոնին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երեկ անվտանգության նկատառումներով դադարեցրել էր աշխատանքը։ ԱՄՆ դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ դեսպանատունը փակ կլինի անվտանգության սպառնալիքների պատճառով։

Անկարայի նահանգապետարանն իր հերթին հայտնել էր, որ նկատի առնելով Վաշինգտոնի ունեցած հետախուզական տվյալները՝ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Անկարայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություն է իրականացվում։ Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 20 մարդու ձերբակալելու մասին որոշում կա: Այս պահին ձերբակալված են 12-ը: Գործողությունը շարունակվում է:

Այնուհետև հայտնի դարձավ, որ կանխվել է Անկարայում ԱՄՆ դեսպանության դեմ ծրագրվող ահաբեկչական հարձակումը: Թուրքիայի հատուկ ծառայությունները կանխել են Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանության դեմ «Իսլամական պետության» կողմից ծրագրված հարձակումը:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հատուկ գործողություն է իրականացրել մայրաքաղաքում և Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում` ձերբակալելով Իրաքի չորս քաղաքացիների:

Ապա` հայտնի դարձավ, որ Թուրքիայի Սամսուն քաղաքում ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչները: Ձերբակալվել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած 4 կասկածյալներ: Հաղորդվում է, որ նրանք բոլորն էլ հանդիսանում են Իրաքի քաղաքացիներ և մտնում են ԴԱԻՇ խմբավորման մեջ:

Երեկ, այսպիսով, Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին հաղորդելուց հետո, ԴԱԻՇ-ի տարրերի դեմ իրականացվել է գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 12 մարդ:

Ամերիկյան հետախուզական տվյալների արդյունքում, փաստացի, Անկարան հատուկ գործողություններ իրականացրեց իր երկրի տարածքում: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԱՄՆ-ի հետախուզությունը չունենար նման տվյալներ, Թուրքիայի իշխանությունները կարողանալո՞ւ էին կանխել ահաբեկչությունը…

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն այս պահին այնպիսի մակարդակում են, որ նույնիսկ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի կողմի բացառված չեն քայլերն ընդդեմ ԱՄՆ-ի:

Բացի այդ, Թուրքիայի տարածքում ԱՄՆ դեսպանատան հնարավոր գործողությունն արդեն իսկ որոշակիորեն հարվածի տակ է դնում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վստահության հարցը:

Իսկ այ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին ոչինչ չի սպառնում, չնայած այն բանին, որ Թուրքիան գործողություններ է իրականացնում Սիրիայում:

Անկարան խնդիր չունի Մոսկվայի հետ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» թուրքական ռազմական գործողության պատճառով, նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Աֆրինի հարցում մենք հակասություններ չունենք Ռուսաստանի հետ: Իդլիբում ընթանում է դիտորդական կետերի ստեղծման գործընթացը: Այս պահին արդեն ստեղծվել է 8 այդպիսի կետ: Ապագայում ծրագրվում է Ստամբուլում անցկացնել եռակողմ (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) գագաթնաժողով՝ նման Սոչիի գագաթնաժողովին: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք գնահատելու և ուսումնասիրելու բոլոր հարցերը»,- TRT հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնման առթիվ ՆԱՏՕ-ի հետ վեճերի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս Ռուսաստանից գնել է զենիթահրթիռային С-300 համալիրներ, սակայն Հունաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի հաջորդել: «Մենք չենք պատրաստվում ուրիշներից հարցնել, թե ինչպես ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: