Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի մարմնի որ մասի վրա կդնի նռնակը

Mar 07, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի մարմնի որ մասի վրա կդնի նռնակը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով վարչապետության չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանն ու դրան հակառակ՝ իրականում հավակնելու տպավորությանը, հայտարարել է, թե մարդը պետք է լինի խոսքի տերը. «Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Նա ասել է, որ ամեն մարդ ունի իր բարոյականությունը: ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ գնահատականն իրավիճակին, եթե դա նույնիսկ չի հնչել ուղիղ հարցին որպես ուղիղ պատասխան, խիստ տարօրինակ է: Ի վերջո, այսօր նույնիսկ ամենաչնչին մակարդակում քաղաքականացված անձը կես խոսքից կարող էր հասկանալ, թե խոսքն իրականում ինչի մասին է: Իրականում պարզ է ,որ կոալիցիոն գործընկերները գնալով ոչ այնքան անտանելի են դառնում, որքան որ կորցնում են չափի զգացողությունը: Արդեն մի քանի ամիս է, ապրիլյան նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ Դաշնակցությունում պարբերաբար նման նոպաներ են գրանցվում: Երբեմն քննադատության տակ է վերցվում տնտեսական քաղաքականությունը, երբեմն սոցիալական, հաճախ էլ բոլորը միասին ու հնչում են կոշտ հայտարարություններ: Հասկանալի է, որ ՀՅԴ-ում հենց այնպես թթու խոսք չեն նետում այն առվականին, որտեղից սնվում են արդեն մեկ տարուց ավելի,կա օբյեկտիվ մտահոգություն, որ կարող են զրկվել այդ աղբյուրից, քանի որ խոսք է գնում Ծառուկյան դաշինքի մասին, որը հավակնություններ ունի նոր կոալիցիայի անդամ դառնալ: Այդուհանդերձ, նման պահվածք, նման հայտարարություններ անելու համար կամ պետք է ինքնին անփոխարինելի լինել, կամ էլ առնվազն հաշված լինել Սերժ Սարգսյանի ատամները: Պարզ է, որ իշխող ուժը խորհրդարանում պարզ մեծամասնության խնդիր գրեթե չունի, սակայն սահմանադրական նոր իրողության պայմաններում որոշակի հարցերում, անշուշտ, անուրանալի է լինում ՀՅԴ-ի թեկուզ փոքրաթիվ, բայց աջակցությունը: Հատկապես, որ ՀՀԿ օլիգարխիան հուսալի երաշխիք չի տալիս կայուն քվեարկություններ ապահովելու հարցում, նրանցից ոմանք հաճախ բացակայում են ոչ միայն նիստից, այլեւ Հայաստանից ու այս պարագայում է, որ ՀՅԴ-ն ապահովում է իշխող ուժի անդորրը: Սակայն, մի՞թե սա բավարար արգումենտ է իշխանության եւ հատկապես Սերժ Սարգսյանի հետ խոսել ոչ միայն շանտաժի, այլեւ վիրավորանքի լեզվով:

Ի վերջո, Սերժ Սարգսյանն անձամբ այս խորհրդարանում մեծ հաշվով խնդիր չունի քվե ապահովելու հարցում: Հարկ եղած դեպքում խորհրդարանում առկա մյուս խմբակցություններից նա մի զանգով կարող է առնվազն յոթ յուրային քվե ապահովել: Կարծես թե չի մոռացվել, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում նախորդ գումարման ժամանակ նա <<պոկեց>> Ծառուկյանի թիմի գործարար թեւը եւ բացահայտ բերեց իր ազդեցության ներքո: Այնպես որ ճիշտ ժամանակ է ՀՅԴ-ին հասկանալու, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն սալյուտն է ներսից խփելու, այլ Սերժ Սարգսյանը նռնակ է դնելու ՀՅԴ-ի մարմնի հարմարավետ հատվածում:

Ի դեպ, եփած հավի ծիծաղն է գալիս, երբ ՀՅԴ-ում սկսում են խոսել բարոյականությունից, խոսքից հետ կանգնելուց, կամ խոսքի ու գործի հակասությունից: Ի վերջո, կա՞ մեկը, որ մոռացել է ՀՅԴ-ի հրապարակած հայտնի յոթ կետերը, որոնց ամբողջական կատարումն էր համարվում ցանկացած կոալիցիայի նախապայմանը, դրանք չէին կատարվել առնվազն մեկ կետով՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշումով չէ՞ որ կայացավ օրերս, սակայն դա չխանգարեց, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: