Զրկանքների, շքեղ ծառայողականների և ճոխ պրեմյաների հասցեները

Mar 07, 2018 Comments Off on Զրկանքների, շքեղ ծառայողականների և ճոխ պրեմյաների հասցեները

Այս լուսանկարը, որն արվել է մարտի 5-ին Եռաբլուր պանթեոնում, աշխույժ քննարկման առիթ է դարձել համացանցում: Այստեղ մեկ կադրի մեջ երևացող թանկարժեք ավտոմեքենաները սպասարկում են ՀՀ բարձարստիճան պաշտոնյաներին, ովքեր նույն օրը` նույն ժամին,այցելել էին Եռաբլուր: Ծառայողական մեքենաների կրճատման մասին բարձրագոչ ճառեր ասող կառավարությունը փաստորեն իր հաշվին որևէ խնայողություն չի անում: Թերևս կարելի է հատուկ հաշվարկ անել` պարզելու համար, թե դրամական արտահայտությամբ որքան գումար է ծախսել` պետությունը մեքենաների այս շքեղ հավաքածուի համար: Կառավարության որոշումներում մեկ ծառայողական մեքենայի ձեռքբերման համար միջինը հատկացվում է 9-9,5 մլն դրամ: Ըստ այդմ` միայն այս լուսանկարում մոտ 2 մլրդ դրամ արժողությամբ փոխադրամիջոցներ են պատկերված: Խնդիրն այն չէ, որ պաշտոնյաները պետք է ծառայողական ավտոմեքենաներ չունենան կամ էլ երթևեկեն հեծանիվով, ինչպես դա անում են եվրոպացի պաշտոնյաները: Քավ լիցի, եթե մեր բարձրաստիճան այրերը կոմպլեքսավորվում են հեծանիվ քշելուց և անպայման կարիք ունեն վարորդի ու ծառայողական մեքենայի, թող չզրկվեն այդ իրավունքից: Բայց կարելի էր չէ պաշտոնյաների համար գնել, օրինակ, 4-5 մլն դրամ արժողությամբ մեքենաներ, և այդ դեպքում պետությունն արդեն, ըստ այս լուսանկարում ներկայացված մեքենաների քանակի, կտնտեսեր նվազագույնը 1 մլրդ դրամ: Իսկ 1 մլրդ դրամը հավասար է գլուղական 20 փոքր դպրոցների բյուջեի, որից հաշված կոպեկների բանաձևով վարձատրվում են հարյուրավոր մանկավարժներ` ապահովելով երկու կամ երեք հազար աշակերտի կրթություն:

Նույն ձևով նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրման ֆոնդը` ավելի քան 6 մլրդ դրամ տարեկան բյուջեով: Իհարկե, պետական եկամուտների համակարգում աշխատող պաշտոնյաներին պետք է խրախուսել, որովհետև դժվար է փակ պահել գարու մեջ կապած ձիու բերանը: ՊԵԿ աշխատակիցը չի կարող պատշաճ չվարձատրվել, ցածր աշխատավարձն ինքնին կոռուպցիոն ռիսկ է: Բայց խնդիրը ծավալների մեջ է` 6 մլրդ դրամ պարգևատրման համար, խոստովանենք,  Հայաստանի համար անթույլատրելի շռայլություն է, և ամենակարևորը` սա պետական համակարգում երկակի ստանդարտի կիրառման ակնառու փաստ է:  Չէ որ նման չափի պրեմյա չի ստանում հայրենիքի սահմանը պահած զինհաշմանդամը` պետությունը նրան ընդամենը 50 հազար դրամ է վճարում: Վերջապես 6 մլրդ դրամի գոնե կեսը կարող է օգտագործվել բանակի զենքի ու զինտեխնիկայի համար: Բայց պարզվում է, որ պետության համար առաջնային պլանում միշտ յուրայիններն են. զրկանքները միայն ստորին խավերի համար են, իսկ երբ խոսքը վերևների մասին է, փող կա և’ շքեղ մեքենաների, և’ ճոխ պրեմյաների համար:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: