Բուռն ճնշումներ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Mar 08, 2018 Comments Off on Բուռն ճնշումներ Սերժ Սարգսյանի նկատմամբ

 

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ 100 տոկոսով ուզում է Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետ և նրան համարում է անփոխարինելի: «ՀՀԿ-ն ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք՝ ուրիշ մարդու՞ պետք է առաջադրի»,- հռետորական հարց է հնչեցրել ԵԿՄ նախագահը: «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիևի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք»,- ասել է նա:

Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան` լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանի անունն են տվել, նա հակադարձել է. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ լավ աշխատի… Վազգենից էլ, Լևոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»,- եզրափակել է նա և նաև հիմնավորել իր մոտեցումը, թե երբ 2014-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս չի ուզում նախագահ, ԱԺ նախագահ կամ վարչապետ դառնալ, բոլորվին այլ քաղաքական իրավիճակ է եղել. «Դե էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, ուրիշ երևույթ էր, հիմա ԱԺ-ն լրիվ փոխվել է, էն վախտ Սահմանադրություն չէր փոխվել, հիմա Սահմանադրություն է փոխվել»:

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցին անդրադարձել է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հայտարարելով, որ առաջադրվելու հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա չի որոշում. «Այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի»: Ըստ Բաղդասարյանի` քաղաքականության մեջ պետք չէ ցանկություններին տուրք տալ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է անել հայտարարություն, իսկ որոշումը կայացնում է թիմը, որին բոլորն անխտիր պետք է ենթարկվեն, ուստի եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա հրաժարվել վարչապետ դառնալուց պետք է հիմնավորումներ ներկայացնի:

Առաջին հայացքից անլուրջ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանը ենթարկվում է ՀՀԿ-ի բուռն ճնշումներին և պարտադրված է խաղալ թիմի պատվերով: Բայց սա ընդամենը առաջին հայացքից, որովհետև եթե խոսքը, բացի Սերժ Սարգսյանից, վերաբերեր կամայական այլ մարդու, ապա հայտարարությունը կարելի էր դիտարկել որպես մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարում:

Ըստ էության, քաղաքական վաղուց կայացված որոշումը ավարտին հասցնելու    վերջին էտապը տխուր հետևանք է ունենում հատկապես Կարեն Կարապետյանի համար: Փաստորեն, ՀՀԿ-ում բոլորն անխտիր աներկբա ընդունում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու անշրջելիությունը, և ամեն մեկը դա հիմնավորում է յուրովի: Մանվել Գրիգորյանը քաղաքական բավարար ճկունություն չունենալու պատճառով ամեն ինչ ասել է ճակատին` Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի` Ղարաբաղն ինչ է: Վահրամ Բաղդասարյանը հղում է արել թիմին, որը ևս հավանաբար Սերժ Սարգսյանի առաջադրման մեջ կարևոր գործոն է դիտարկելու անվտանգության բաղադրիչը: Իսկ այն, ինչ ասել էր Սերժ Սարգսյանը 2014 թվականին, պարզվում է` ընդամենը անհատական մակարդակով արված հայտարարություն էր, որը համաձայնեցված չէր ՀՀԿ-ի քաղաքական թիմի հետ:

Բայց ՀՀԿ-ն, մեղմ ասած, այս խաղում ազնիվ չէ: Ի վերջո, եթե ՀՀԿ-ի քաղաքական թիմը համոզված է, որ Կարեն Կարապետյանին Ղարաբաղի հարցի կարգավորումն ու բանակցությունները չի կարելի վստահել, ինչո՞ւ էր այդ դեպքում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորում հենց Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների ողջ քարոզարշավը տարավ Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշի քարոզչությամբ և նրա  անձի շուրջ ստեղծված ՊՌ-ով: Ինչո՞ւ գեներալ Մանվելը այն ժամանակ անկեղծություն չունեցավ հայտարարելու, որ իրենց ցուցակի առաջին համարը չգիտի, թե ինչ բան է Ղարաբաղը: Եվ վերջապես նույն ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, երբ  Մոսկվայից հրավիրում էին Կարեն Կարապետյանին, կարող էին հաշվի առնել, որ նոր սահմանադրությամբ վարչապետն իրականացնելու է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության գործառույթներ: Թերևս ամեն ինչ հենց այս հաշվարկով էլ արվել է. Սերժ Սարգսյանը հրավիրել է այնպիսի վարչապետի, որը հետագայում անվտանգության հարցերի առումով իր հետ չկարողանա մրցակցել:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: