Էդ. Նալբադյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին (տեսանյութ)

Mar 05, 2018 Comments Off on Էդ. Նալբադյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին (տեսանյութ)

Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երևանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական և առևտրային կապերն օգնում են ձևավորել միավորումներ ու գործընկերություններ, և ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը: Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդայմանն առնչվող հարցեր, կարևորեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: