«Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

Mar 05, 2018 Comments Off on «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

Լոս Անջելեսի Dolby թատրոնում ավարտվել է 90-րդ հոբելյանական «Օսկար» մրցանակաբաշխությունը,որի գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացել է մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը (The Shape of Water):

Գիլերմո դել Տորոն «Օսկարի» է արժանացել նաև որպես լավագույն ռեժիսոր։ Նրա ֆիլմը նվաճել է ևս մեկ մրցանակ՝ կոմպոզիտորի լավագույն աշխատանքի համար։ Մրցանակը ստացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան։

«Լավագույն» դերասանուհին  Ֆրենսիս Մաքդորմանդն է, ով խաղացել է գլխավոր հերոսուհու դերը «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» դրամայում։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում դերակատարման համար։

Ամերիկացի Սեմ Ռոքուելը դարձել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմում խաղալու համար։ Ավելի վաղ Ռոքուելը նույն դերի համար արժանացել էր ԱՄՆ դերասանների գիլդիայի, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը նվաճել է Էլիսոն Ջեննին «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) ֆիլմում դերակատարման համար։

«Լավագույն օտարալեզու» ֆիլմ է ճանաչվել Չիլիից Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» (Una mujer fantástica)։

«Լավագույն երգ» անվանակարգում մրցանակը նվաճել է Remember Me ստեղծագործությունը՝ Pixar ստուդիայի «Կոկոյի գաղտնիքը» (Coco) մուլտֆիլմից։

«Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ» անվանակարգում հաղթել է Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» ֆիլմը։ Բեմ է բարձրացել ճապոնացի դիմահարդար Կազուհիրո Ցուձին։

«Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» (Phantom Thread) ֆիլմին։ Ոսկե արձանիկը հանձնվել է ամերիկացի դիզայներ Մարկ Բրիջեսին։

Ռեժսոր Ջորդան Փիլի «Հեռացի՛ր» (Get Out) ֆիլմը «Օսկար» արձանիկ է ստացել «Լավագույն օրիգինալ սցենարի» համար։

«Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում մրցանակ է նվաճել իտալացի Լուկա Գուանդանինիոյի «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name) ֆիլմը։

Կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի «Սայրով վազողը 2049» (Blade Runner 2049) ֆանտաստիկ ֆիլմը պարգևատրվել է լավագույն օպերատորական աշխատանքի համար։ «Օսկար» արձանիկ է ստացել 68-ամյա բրիտանացի օպերատոր Ռոջեր Դիկինսը։

«Կոկոյի գաղտնիքը» (Coco) անիմացիոն ֆիլմը «Օսկար» է նվաճել «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում։ Pixar ստուդիայի ֆիլմը պատմում է մեքսիկացի տղայի արկածների մասին, ով գաղտնի երազում է երաժիշտ դառնալ և մի անգամ զարմանալիորեն հայտնվում է Մեռյալների աշխարհում։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակագում հաղթանակը բաժին է հասել «Թանկագին բասկետբոլ» (Dear Basketball) ֆիլմին։

Ռուսաստանում դոպինգի սկանդալի մասին Բրայան Ֆոգելի «Իկարուս» (Icarus) վավերագրական ֆիլմը նույնպես արժանացել է «Օսկար» մրցանակի։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: