Շրջապատիդ մեռնեմ…

Mar 06, 2018 Comments Off on Շրջապատիդ մեռնեմ…

Ազգային ժողովում Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջին բեմելից հետո դժվար ու նաեւ վտանգավոր է պատկերացնելը, թե ինչպես է այլեւս ՀՀ նախագահ Արմեն Սագսյանը ոչ ստանդարտ իրավիճակներում իրեն դրսեւորելու: Տխուր, տաղտկալի, առանց գրամ հումորի, առանց կրակի, սառը հայացքով ու նույնպիսի ձայնով նա չորս-հինգ ժամ Ազգային ժողովի ամիբիոնից ուղեղ սղոցեց: Տպավորություն էր, թե Արմեն Սարգսյանը մի քանի նախադասությունից ու արտահայտությունից այլ բան ընդունակ չէր արտաբերելու, ավելին, նա ասես չիպավորված ու մտքի ճկունության բացակայությամբ նույն արտահայտություններն  էր հնչեցնում, երբ ընդդիմադիր պատգամավորները տարբեր ձեւակերպումներով փորձում էին նրանից ստանալ իր քաղաքացիության հարցի վերաբերյալ սպառիչ պատասխան: Նրա դեմքին մի անբովանդակ ժպիտ էր քարացել ու որեւէ հարց նշույլ անգամ չէր փոխում դեմքի արտահայտությունը: Արմեն Սսարգսյանին այնքան խորթ էր այդ իրականությունը, այնքան չէին հուզում ընդդիմադիրների հարցերը ու այնպես կուզեր նա վայրկյան առաջ հեռանալ այդ բեմից, չէ՞ որ նրան չէր հուզում ոչ մի ելույթ, ոչ ծաղր, ոչ անարգանք, ոչ հեգնանք, նա եկել է իր կենսագրության մեջ կերտելու մի նոր էջ՝  ՀՀ նախագահի տիտղոս, ու թվում է՝  իր համար ոչինչ կարեւոր չէ, ոչ լիազորություն, ոչ կշիռ, մինչ նա կզբաղեցնի այդ պաշտոնը, հազար ու մի օրենքով խլում են նախագահի լիազորությունները, տալիս են վարչապետին, իսկ Արմեն Սարգսյանը օլիմպիական հանդարտությամբ լռում է ու հակառակ հայտարարություններ անում, տպավորություն է, որ նրան եթե լոկ մի փոքրիկ սենյակ էլ տային, ինքն  անխոնջ ու անտրտունջ համաձայնելու էլ կրել թագը թագուհու, թեկուզ հայկական:
Արմեն Սարգսյանի փառասիրությունը այնքան մեծ է, որ նա ՝ իբր լինելով ուսյալ ու կրելով եվրոպական արժեհամակարգը, մի քանի դրվագներով խախտեց Սահմանադրությունը այդ պաշտոնին տիրանալու համար:
Մինչդեռ, իշխանությունը սույն երեւելիի թեկնածությունը ներկայացնելիս ուղիղ եւ անուղղակի  ավետում էր, թե Հայաստանին մի նոր փրկիչ է գալիս՝ ուսյալ, գործող իշխանության արժեհամակարգից դուրս, եւ որ ամենակարեւորն է հակակշիռ Ռուսաստանին, քանզի Արմեն Սարգսյանին ներկայացնում էին Արեւմուտքի ներկայացուցչի, որը հզոր կապեր ունի եվրոպական հզոր տերությունների եւ, հատկապես, Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան երեւելիների հետ: Սակայն Արմեն Սարգսյանի կերպարի եւ նրա կապերի ու առհասարակ հեղինակության մասին փչած միֆը պայթեց շատ շուտ: Արմեն Սարգսյանն իր պահվածքով ցույց տվեց, որ մեկն է գործող օրինախախտ իշխանության ներկայացուցիչներից, որը հանուն փառքի թքած ունի Մայր օրենքի  վրա: Նրա իրական կերպարի բացահայտվեց նաեւ ընտրվելուց հետո: Դեռ չընտրված արեւմտամետ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Հայաստանի իշխանությունների <<պապան>>, առանց որի դաբրոյի Հայաստանում ոչ միայն իշխանություն չի փոխվում, այլեւ շարքային նախարար:
Սարգսյանին շնորհավորողների թիվը դեռ ստվար չէ: Նրանց շարքում է Ղազախստանի նախագահը, նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նա անձամբ իր, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի անունից շնորհավորել է Արմեն  Սարգսյանին: «Համոզված եմ, որ ձեր  մասնագիտական հմտություններն ու կյանքի փորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին  հասնել նոր հաջողությունների՝ դինամիկ զարգացման ճանապարհին»,-նշել է նա:
Շնորհավորական հեռագիր է ուղարկել նաեւ Բելոռուսի նախագահը.«Իր կամարտահայտությամբ Հայաստանի խորհրդարանն աջակցեց երկրի՝ կայունությանն ու տնտեսական զարգացման քաղաքականությանը: Համոզված եմ, որ Ձեր փորձն ու  հեղինակությունը կնպաստեն հայ-բելառուսական հարաբերությունների խորացմանը, որոնք հիմնված են վստահության, հարգանքի ու մեր ժողովուրդների բարեկամության վրա»,-ասված է շնորհավորական խոսքում:

Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին մաղթել է  ամուր առողջություն, երջանկություն ու հաջողություններ պետական պատասխանատու գործում: Ասել է թե Պուտինի արբանյակներն են միայն շնորհավորել հզոր կապեր ունեցող Արմեն Սարգսյանին, միակ բացառությունը թերեւս Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորանքն է: Մինչդեռ սպասելի էր, որ Արմեն Սարգսյանին պետք է առաջինը շնորհավորեր արքայազնը, որի եւ մեր նախագահի կապի մասին Հայաստանում արդեն լեգենդներ են հյուսվում, իսկ իրականությունը բոլորովին այլ է, որին նայելիս չես կարող չասել՝ մեռնեմ շրջապատիդ:

Անի Սսահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: