«Նաիրիտի» պարտատերը Ծարասարում ոսկի կփնտրի

Mar 03, 2018 Comments Off on «Նաիրիտի» պարտատերը Ծարասարում ոսկի կփնտրի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 17–ին Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ինտեր Մայնինգ» ՍՊԸ կողմից ներկայացված Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները: «Ինտեր Մայնինգ» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2017 թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 14–ին: Հիմնադիրներն են Պարգև Պետրոսյանն ու Ավետիք Միքայելյանը: Պարգև Պետրոսյանի անունն առկա է նաև «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակում, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական հայտարարությունների կայքից: Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. նոյեմբերի 28–ի վճռով «Նաիրիտ գործարանը» ճանաչվել էր սնանկ, և ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը ներկայացրել է ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: Նախագծից տեղեկանում ենք, որ Ծարասարի արմատական ոսկու երևակման տարածքում նախատեսվում է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել մետաղների կորզման անթափոն, բնապահպանական տեսակետից մաքուր արտադրության կազմակերպության հնարավորությունը՝ արտադրական պոչերի լրիվ օգտագործմամբ, ինչպես նաև կատարել հանքաքարի քիմիական և տեխնոլոգիական հետազոտություններ լաբորատոր և գործարանային պայմաններում օգտակար հանածոյի որակական և քանակական գնահատականը տալու համար: Աշխատանքները պետք է կատարի «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» ՍՊԸ–ն: Աշխատանքներն իրականացվելու են վերգետնյա, մինչև 5 մ խորությամբ լեռնային փորվածքների և հորատանցքերի, երկրաբանական երթուղիների միջոցով, կկատարվեն հանքաքարի քիմիական, տեխնոլոգիական հետազոտություններ լաբորատոր և գործարանային պայմաններում: Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան–հյուսիս–արևմտյան լանջերում, Մասրիկ գետի ավազանում վերին հոսանքներում: Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7,5 կմ դեպի հարավ–արևելք և Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Ըստ նախագծի՝ բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան մասնահանել 350 հազար դրամ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: