Դիարբեքիրի հայկական եկեղեցու պետականացման որոշումը բեկանվել է

Mar 03, 2018 Comments Off on Դիարբեքիրի հայկական եկեղեցու պետականացման որոշումը բեկանվել է

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը:

Ermenihaber-ի փոխանցմամբ, Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016թ. մարտ 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում էին հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը Գերագույն վարչական դատարանում բողոքարկել էր նախարարների խորհրդի որոշումը: Դատարանն էլ կառավարության որոշումը չեղարկելու վճիռ է կայացրել՝ հղում անելով սեփականության իրավունքի պաշտպանության գործերով Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների (ՄԻԵԴ) կայացրած վճիռներին:

Դատարանը գործի քննության ընթացքում հարցադիմում էր ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարություն՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եկեղեցու պետականացման պատճառների, հետագա շահագործման նպատակների մասին: Սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել դատարանի հարցմանը:

Նշենք, որ եկեղեցին թուրք-քրդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել և 2015 թվականից փակ է մինչև այսօր: Եկեղեցու տարածք մուտքն արգելված է, քանի որ այն գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: