Ոստիկանները քաղաքացիներին ծեծել են «18+» ակումբի առանձնասենյակում

Mar 02, 2018 Comments Off on Ոստիկանները քաղաքացիներին ծեծել են «18+» ակումբի առանձնասենյակում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությւոնից։

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երեւան քաղաքում գործող “18+” ակումբի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, մի խումբ անձանց եւ ակումբի աշխատակիցների միջեւ վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Միջադեպի մասնակիցներ Տ. Գ.-ն եւ Բ. Գ.-ն հայտնել են, որ վիճաբանությունից հետո ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի առանձնասենյակ եւ ծեծի ենթարկել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներից միայն Տ. Գ.-ն ու Բ. Գ.-ն են բերման ենթարկվել ոստիկանություն, մինչդեռ ոստիկանների ներկայությամբ վերջիններիս բազմաթիվ հարվածներ հասցրած եւ մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, այդ թվում` ակումբի աշխատակիցներին, ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն բռնել են, սակայն տեղում բաց թողնելով` ոստիկանության բաժին բերման չեն ենթարկել եւ միջոցներ չեն ձեռնարկել նրանց ինքնությունները պարզելու ուղղությամբ` հանցանքի մեջ կասկածվող անձանց հնարավորություն ընձեռելով հեռանալ դեպքի վայրից:

Բացի այդ, նաեւ տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ, ինչի արդյունքում ակումբի աշխատակիցը միջադեպից հետո` հենց ոստիկանների ներկայությամբ եւ նրանց տեսադաշտում լվացել է դեպքի վայրը` այդպիսով վերացնելով հանցագործության հետքերը:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մեկ այլ առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Դ.-ն 11.02.2018թ.-ին գնացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցը նշված բաժնի բակում Ա. Դ.-ի ձեռքից բռնելով` քաշել ու գցել է գետնին, ապա` քաշելով բարձրացել է ոստիկանության բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: