ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ

Mar 02, 2018 Comments Off on ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ

«Ելք» խմբակցության 9 պատգամավորից 2-ը չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին, մինչդեռ Արմեն Սարգսյանը ստացել է 10 դեմ քվե։ «Ելք» խմբակցությունից տեղեկացրին, որ Սասուն Միքայելյանը և Էդմոն Մարուքյանը չեն մասնակցել քվեարկությանը։ Ինչպես նաև քվեարկությանը չեն մասնակցել «Ծառուկյան» խմբակցությունից Գագիկ Ծառուկյանն ու Լուիզա Սարգսյանը։ԱԺ-ում օրենքի նախագծերի քննարկումներից հետո, երբ քվեարկության դրվեց քննարկված առաջին նախագիծը, վարման կարգով ձայն խնդրեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և, հղում անելով ավելի վաղ ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ընդդիմությունում ծպտյալ հանրապետականներ կան, նշեց. «ՀՀ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ արդյունք: Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականեր, այլ ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ 4-րդ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը։ 105 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: