Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

Mar 02, 2018 Comments Off on Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։

Չեղարկման հրամանագրի ստորագրումից  անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։

Մասնավորապես իշխանամետ համարվող  «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։

Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։

Մարտի 2-ին նույն լրատվականի հրապարակած մեկ այլ լուրում շեշտվում է, որ չնայած 2010թ․ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը,  հունվարի 18-ին  հրապարակված վճռում շեշտվել էր նաև, որ արձանագրությունները անընդունելի նախապայմաններ են պարունակում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի ուշ՝ 2015թ․ փետրվարին, հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հանվեցին ՀՀ խորհրդարանի օրակարգից։

Պարբերականը նաև նկատել է տալիս, որ արձանագրությունների չեղարկումը կատարվել է անմիջապես ՀՀ նախագահական ընտրությունների նախօրեին։ Նշվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ օրենքի համաձայն այլևս չի կարող նախագահի թեկնածու լինել։

Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է նախօրեին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։

«Akşam» թերթի կայքը թեմային անդրադարձել է երկու առանձին լուրով, որոնցում հիմնականում բերված են այլ պարբերականների կողմից ևս նշվող փաստերը և արձանագրությունների հակիրճ պատմությունը։

Թերթը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին։ Իսկ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին և Հայաստանը 2018թ․ գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։

«Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հղում կատարող թուրքական թերթը տեղեկացնում է, որ արձանագրությունների չեղարկման մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր ժամանակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու այսպես կոչված  «ֆուտբոլային քաղաքականությամբ»։

Մարտի 2-ին կատարված մեկ այլ հրապարակման մեջ նույն աղբյուրը նկատում է, որ արձանագրությունների չեղարկման հրամանագիրը ստորագրած ՀՀ նախագահը այդ փաստաթղթի ձախողման մեջ  մեղադրել է թուրքական կողմին։ Նյութում հիշեցվում է նաև, որ արձանագրություններով նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ․՝ հայ-ադրբեջանական լարվածության սրման համատեքստում։

«Demokrathaber.org» լրատվակայքը ևս արձանագրել է թեմայի վերաբերյալ հիմնական պատմական փաստերը։ Աղբյուրը  ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի վերաբերյալ լուրի մասով հղում է կատարել «Ermenihaber.am»-ին։

Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Yeni Akit» պարբերականը թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո։ Այլ փաստերի հետ աղբյուրը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915թ դեպքերի» ուսումնասիրման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել։

«Haberler» լրատվակայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։

«CNN Türk»-ը ևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշյալ հրամանագրի ստորագրմանը արձագանքեց անմիջապես մի քանի րոպե անց։ Հղում անելով «Ermenihaber.am»-ին՝ հիշեցնում է արձանագրությունների ստորագրման հարցում Գյուլի, Քլինթոնի և այլ ներգրավված կողմերի դերի մասին։ Նաև անդրադառնում է տարիներ անց այս փաստաթղթի հնարավոր չեղարկման մասին Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին։

Իսկ թեմային անդրադարձած «BBC»-ի թուրքական ծառայությունը, դարձյալ կարճ անդրադարձ կատարելով չեղարկմանը նախորդած զարգացումներին,  լուրին կցել է նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը։

ermenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: