Թուրք-ամերիկյան դիվանագիտական «կրակոցները» սաստկանում են

Mar 05, 2018 Comments Off on Թուրք-ամերիկյան դիվանագիտական «կրակոցները» սաստկանում են

Թուրք-ամերիկյան լարվածությունը օր-օրի թեժանում է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Վաշինգտոնին՝ կոչ անելով հետևողական լինել տրված խոստումները իրականություն դարձնելու հարցում:

«Խոսքն ու գործը չեն կարող իրարից տարբերվել, սա անընդունելի է: Մենք հույս ունենք, որ Ամերիկան հետևողական կլինի, որ մեզ ասված խոսքերն ու իրականում կատարվող քայլերը իրար համապատասխանեն», – հայտարարել է Էրդողանը աֆրիկյան երկրներ կատարած շրջայցի ընթացքում:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները արդեն մի քանի շաբաթ է, հրապարակավ բանավիճում ու քննադատում են միմյանց՝ Սիրիայի հյուսիսում Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ Անկարայի սկսած ռազմական գործողությունների շուրջ: Անկարան պահանջում է դադարեցնել քրդերին տրամադրվող ռազմական օգնությունը, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել վերջիններիս հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Շաբաթներ առաջ ժամանելով Թուրքիա՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացավ սահմանափակել Սիրիայի քրդական ջոկատներին հատկացվող ռազմական աջակցությունը․ – «Մենք միշտ հստակ ասել ենք՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին հատկացվող սպառազինությունը կլինի սահմանափակ, կուղղվի հստակ առաքելությունների և կտրամադրվի աստիճանաբար՝ լոկ մեր առջև դրված ռազմական նպատակներն իրագործելու համար»:

Անկարան հիմա ոչ միայն հստակ քայլեր է ակնկալում այս ուղղությամբ, այլև պահանջում է դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆրինից ոչ հեռու գտնվող Մանբիջ քաղաքից: «Մանբիջում չպետք է ահաբեկիչներ լինեն, քաղաքը պետք է վերադարձվի իր իրական տերերին՝ արաբներին», – նախօրեին կրկին պնդել է նախագահ Էրդողանը՝ չբացառելով, որ Մանբիջում կարող են բախվել արդեն թուրք-ամերիկյան ուժերը․ – «Մենք կդիմադրենք յուրաքանչյուրին, որ կկանգնի մեր ճանապարհին: Ընտրողաբար չենք մոտենալու և կդիմենք անհրաժեշտ ամեն քայլի: Մենք պետք է վերջնականապես սպանենք վիշապին, ոչ թե կիսամեռ թողնենք: Եվ դա իրականություն կդառնա՝ այսպես թե այնպես»:

«Ոչ ոք չի կարողանա դիմակայել Աֆրինում Թուրքիայի հզորությանը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Եթե ինչ-որ ուժեր կամ պետություններ փորձեն խանգարել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հակահարված կստանան, ասել է Թուրքիայի նախագահը: «Թուրքիան որևէ խորհրդատվության կարիք չունի ահաբեկիչների դեմ պայքարի համար»,- ասել է Էրդողանը:

Իսկ ահա Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրել է Պետդեպին Սիրիայում մեկամսյա հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ որոշումը խեղաթյուրելու համար։ «ԱՄՆ-ում ՄԱԿ ԱԽ-ի որոշումը կա՛մ չեն հասկացել, կա՛մ խեղաթյուրում են այն»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում: ԱԳՆ-ն ամերիկյան կողմին խորհուրդ է տվել կենտրոնանալ Ասադի ռեժիմի կողմից ռմբակոծվող խաղաղ բնակիչներին պաշտպանության վրա։

Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը վերաբերում է նաև Աֆրինին, որտեղ հունվարի 20-ից Թուրքիան անցկացնում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը։ Պետդեպի խոսնակը Թուրքիային խորհուրդ էր տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

Պաշտոնական Անկարան ավելի վաղ խնդրի առնչությամբ հայտնել էր, որ դրական է գնահատում Սիրիայում 30-օրյա հրադադարի մասին որոշումը, սակայն թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը «ահաբեկչության դեմ պայքարի» գործողություն է: Թուրքական կողմը նշել էր, թե Սիրիայում հակամարտող կողմ չի հանդիսանում, հետևաբար այդ որոշումն իրենց համար չի գործում:

Գերմանիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օրյա հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին, այս մասին նշել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի որոշումը վերաբերում է Սիրիայի ամբողջ տարածքին: Նա նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ քարտուղար Ուոլտեր Լինդերը խնդրի առնչությամբ խոսել է այդ երկրում Թուրքիայի դեսպանի հետ՝ «հայտնելով ՄԱԿ-ի որոշման հետ կապված Գերմանիայի դիրքորոշումը»:

Ավելի վաղ, հաստատված հրադադարի ռեժիմը հարգելու մասին պաշտոնական Անկարային կոչ էր արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նախագահ Էրդողանի հայտարարություններին զուգահեռ Անկարայում փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն է Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներ հնչեցրել: «Միացյալ Նահանգները երկակի չափանիշներ է կիրառում»,  ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով՝ որևէ մեկը չի կարող Անկարային թելադրել, թե ահաբեկչական որ խմբավորման դեմ պայքարի, որի դեմ՝ ոչ: «Թուրքիան ևս կենտրոնացած է «Իսլամական պետության» դեմ արշավի վրա, սակայն մենք չենք կարող ընդունել անտրամաբանական պնդումը, թե մենք չպետք է պայքարենք այն ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք Միացյալ նահանգների թիրախում չեն», – պարզաբանել է Բեքիր Բոզդաղը:

Ավելին, պաշտոնական Անկարան կրկին պնդել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում հայտարարված 30-օրյա հրադադարը չի վերաբերում Աֆրինում շարունակվող ռազմական գործողություններին: Մինչդեռ երեկ, անդրադառնալով այս հարցին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը խորհուրդ էր տվել Թուրքիայի իշխանություններին ավելի ուշադիր կարդալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը: Ահա Թուրքիայի փոխվարչապետը հակադարձել է՝ թող Վաշինգտոնը ևս մեկ անգամ ուսումնասիրի այդ փաստաթղթերը:

Նախագահ Էրդողանը ևս պնդել է, որ, չնայած Արևմուտքի զգուշացումներին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևին, Անկարան շարունակելու է ռազմական գործողությունները իր սահմանից ոչ հեռու՝ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: