ՀՀԿ-ում տխուր են Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու համար

Mar 02, 2018 Comments Off on ՀՀԿ-ում տխուր են Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու համար

Ազգային ժողովը ոչ միայն ՀՀ նախագահ է ընտրելու, այլեւ Սահմանադրական դատարանի անդամ։ Այդ պաշտոնում, ինչպես հայտնի է ՀՀԿ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը հետագայում կդառնա նաեւ ՍԴ նախագահ։ Գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, նա մարտի 23-ից հետո այլեւս չի կարող ՍԴ նախագահ աշխատել, որովհետեւ դառնում է 70 տարեկան եւ օրենքը թույլ չի տալիս։

Հրայր Թովմասյանը սահմանված կարգի համաձայն խորհրդարանում պատասխանում էր պատգամավորներին հուզող հարցերին, սակայն մինչ այդ նա հասցրեց ասել, որ սիրում է քաղաքական աշխույժ կյանքը, մշտապես իր ներսում «կռվել» են մասնագիտական եւ քաղաքական աշխատանքը, եւ այսօր այն լուծվում է հօգուտ առաջինի հաղթանակով։ Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ երկակի զգացողություն ունի, որը նման է հրաժեշտի զգացողության: Նա այդ զգացողության համար շնորհակալություն հայտնեց Արա Բաբլոյանին. «Ես վստահ եմ, որ ցանկացած իրավաբանի համար դա մասնագիտական առաջխաղացման այն բարձր հանգրվանն է, որը պատիվ է մեր մասնագիտության տեր ցանկացած կրողի»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ուղիղ 22 տարի առաջ, երբ ինքը ոտք է դրել ՍԴ, միայն վառ երևակայության տեր լինող մարդը կարող էր մտածել, որ ինքը 22 տարի հետո հավակնություն է ունենալու դառնալ ՍԴ-անդամ. «Ես այդ մարդկանց թվին չէի պատկանում, և ես երջանիկ էի, որ այդ տարիքում արդեն աշխատում եմ ՍԴ-ում, երևի թե ճիշտ են այն բոլորը, ովքեր մարդու սպիրալաձև զարգացման կողմնակիցներն են»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով թեկնածուին, հարցրեց. «Ինչպիսի՞ն է լինելու ձեր վարքագիծը, եթե ՍԴ-ում վիճարկվեն ձեր իսկ հեղինակած օրենքները»: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը ձեռնպահ կմնա, ինքը ձեռնպահ կմնա անգամ նման օրենքի քննարկմանը մասնակցելուց: Արտակ Զեյնալյանն նաեւ դիմեց Թովմասյանին. «Դուք արժեքավոր ռեսուրս եք ՀՀԿ-ի համար: Ի՞նչն է պատճառը, որ նման արժեքավոր ֆիգուրից ՀՀԿ-ն հրաժարվում է…դուք մինչեւ 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ: Կարո՞ղ ենք ասել, որ ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ի հետ»: Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ոչ, չենք կարող ասել…Ինձ հիմա որպես ՍԴ անդամ եք ընտրում: ՍԴ որոշումները միայն սահմանադրության հետ են համաձայնեցվելու»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ճի՞շտ եմ հիշում, որ դուք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամներից եք: Հիմնադիր համաժողովի լուսանկարում դուք էլ կաք: Եթե այդպես է, ինչո՞ւ այդ մասին նշում չկա ձեր կենսագրության մեջ»:

Թովմասյանն արձագանքեց. «Հիմնադիր-անդամ չեմ եղել: Իմ կենսագրության շատ դեպքեր կան, որոնք արտացոլված չեն, օրինակ՝ մանկապարտեզ գնալը»: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը Թովմասյանին հարց տալու մտադրություն չուներ, նա գովեստի խոսքեր շռայլեց ասելով.«Ես շատ լավ գիտեմ ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Հ տառով սկսվող երեք բառ՝ հասունություն, հավասարակշռվածություն, հեղինակություն»: Միհրան Հակոբյանը ասաց, որ հակասական տրամադրություն ունի, մի կողմից տխուր է, որ խորհրդարանը իր շարքերից բաց է թողնելու Հրայր Թովմասյանի նման իրավաբանին, մյուս կողմից՝ ուրախ, որ ՍԴ-ն համալրվելու է Թովմասյանի տրամաչափի իրավաբանով: Նա նկատեց, որ Թովմասյանի «կադրերը» այսօր բարձր կարգի մասնագետներ են՝ Արցախի եւ ՀՀ ՄԻՊ-եր եւ այլք: Գեւորգ Կոստանյանն էլ մոտենալով ամբիոնին ՝ հումորով նկատեց՝ .«Ձոն Հրայր Թովմասյանին»: Կոստանյանը հայտարարեց, որ տասը տարի է ընկերություն է անում Թովմասյանի հետ, նշեց, որ չի ուզում անդրադառնալ Թովմասյանի կենսագրությանը, քանի որ դա բոլորին է տեսանելի, նա ծավալուն խոսեց Թովմասյանի՝ իրավաբանի լայն մտածողության մասին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: