6 մլրդ՝ ՊԵԿ պարգևատրման ֆոնդին, ինչո՞ւ են ծախսերը գաղտնի

Mar 05, 2018 Comments Off on 6 մլրդ՝ ՊԵԿ պարգևատրման ֆոնդին, ինչո՞ւ են ծախսերը գաղտնի

Կառավարությունը ըստ ամենայնի այլևս չի կարողանում համբերել, մինչև որ կգա կառավարության նիստերը փակ անցկացնելու բաղձալի պահը, որը վրա է հասնելու ապրիլից հետո, երբ նշանակված կլինի լայն լիազորություններով օժտված նոր վարչապետը:Կառավրությունն արդեն իսկ անցել է փակ ռեժիմով աշխատելու պրակտիկային: Կառավարության մարտի 1-ի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են այնպիսի որոշումներ, որոնց բովանդակության ամենակարևոր կետերը գաղտնի շրիֆտով են գնում:
Օրինակ՝ կառավարության օրակարգում ընդգրկված է պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և ծախսման 2018 թվականի նախահաշվի հաստատման կարգը: Որոշման ընդունումը, համաձայն որոշմանը կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է <<Հարկային ծառայության մասին>> և <<Մաքսային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու, հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին խրախուսելու, համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, նյութատեխնիկական ապահովվածության, վարչական շենքերի պահպանման և աշխատանքային պայմանների բարելավման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև ՊԵԿ համակարգի պահպանման հետ կապված այլ ծախսերի իրականացման անհրաժեշտությամբ:
Ավելի պարզ՝ ստեղծվում է ՊԵԿ աշխատակազմի «պրեմյաների» ֆոնդը, որպեսզի համակարգի աշխատողները, բացի աշխատավարձից, նաև պատշաճ հավելավճարներ ստանան: Արդյունքում, ինչպես երևում է որոշման հավելվածներից, պետական բյուջեի ծախսային մասը ավելանում է 6 մլրդ 230 մլն դրամ, որը Հայաստանի բյուջեի ներկա պայմաններում ահռելի մեծ գումար է: Որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը գաղտնի են, և ընդհանրապես նախագծից չի երևում, թե այդ 6 մլրդ 230 մլն դրամը ինչպես է ծախսվելու՝ որքանն է հատկացվելու որպես պարգևավճար, որքանը՝ տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, և ընդհանրապես խոսքը ինչ ծավալի պարգևատրումների մասին է:
Հանուն արդարության պետք է նշել, որ նախկինում այս կարգի որոշումները երբեք գաղտնի չեն եղել, ավելին՝ դրանք իրենց բնույթով կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումներ են, օրենքի պահանջով՝ պետք է այդ նախահաշիվը հրապարակային լինի: Ըստ էության վարչապետի բարեհաճությունը վայելող ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չի ուզում, որ իր ծախսերն ու խոշոր պրեմյաների մասին հանրությունը հավելյալ ինֆորմացիա ստանա, դրա համար էլ այս կարգի թվերը գաղտնի են պահվում:
Բայց սա միակ փակ որոշումը չէ. կառավարության աշխատակազմին ևս հատկացում է արվում, որը նույնպես գաղտնի շրիֆտով է ներկայացված:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: