ՀՀԿ-ում մտածել են, թե ինչպես են Սերժ Սարգսյանին առաջադրելու վարչապետ

Mar 01, 2018 Comments Off on ՀՀԿ-ում մտածել են, թե ինչպես են Սերժ Սարգսյանին առաջադրելու վարչապետ

ՀՀԿ-ում արդեն մտածել են, թե ինչպես են պատճառաբանելու Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու առաջադրելու որոշումը:

«Անկախ նրանից, որ Սերժ Սարգսյանը 2014-ի ապրիլի 10-ին հայտարարել է, թե չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ ԱԺ նախագահ, ո՛չ հանրապետության նախագահ, նա պետական գործիչ է, որն առաջնորդվելու է ոչ թե իր ցանկություններով, այլ պետության շահով այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և լեգենդար Շառլ դը Գոլը, ովքեր, արել են հրապարակավ հայտարարություններ, բայց որոշ ժամանակ անց իրականացրել են քայլեր, որ հակասել են այդ հայտարարությանը»,-  Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչեպետի թեկնածու առաջադրմանը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ավելացրել, թե պետության շահն ինչպես պահանջի, այնպես էլ կվարվեն։ Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, թե յուրաքանչյուր հայտարարություն արվում է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր իրողություններից ելնելով:

2014-ի ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանի մոտ սահմանադրական փոփոխությունների մշակման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն էր ընթանում, նա հայտարարեց, որ չի հավակնում լինել ո՛չ հանրապետության վարչապետ, ո՛չ նախագահ, ո՛չ  էլ ԱԺ նախագահ: Ի սկզբանե նախագահ կամ վարչապետ դառնալու ցանկությունից հրաժարվելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը որևէ մեկը չէր էլ հավատում: Բայց, այնուամենայնիվ, եղան փորձագիտական գնահատականներ, թե հրապարակավ արած հայտարարությունից հրաժարվելը դժվար կլինի: Նույնիսկ եղան վարկածներ, թե Սերժ Սարգսյանն արդեն գտել է իր ժառանգորդին և պատրաստվում է իշխանությունը սահուն փոխանցել:

Քաղաքականությունը, սակայն, ինչպես ընդունված է ասել, հնարավորի արվեստ է: Փաստորեն ՀՀԿ խոսնակն արդեն շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանի առաջադրման քաղաքական լոզունգը. Սերժ Սարգսյանը վարչապետ ու նախագահ չլինելու մասին հայտարարել է քաղաքական այլ իրողությունների պայմաններում, իսկ հիմա իրավիճակն ու հանգամանքները փոխվել են, և ՀՀԿ-ն, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավարները, կայացրել է նման որոշում: Իսկ տարբերություններ այն ժամանակվա և այսօրվա քաղաքական իրողությունների միջև միշտ էլ կարելի է գտնել: Ի վերջո, իշխող կուսակցությունում էլ շատ բան է փոխվել, օրինակ՝ ի հայտ է եկել նոր բևեռ՝ ի դեմս գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, որն այն ժամանակ ՀՀԿ անդամ չէր: Նա այսօր կուսակցության առաջին փոխնախագահն է և իր հետ կուսակցություն է բերել ոչ ավել- ոչ պակաս 7000 գազավիկների: Երկրորդ՝ ՀՀԿ-ից հեռացել է այն ժամանակվա փոխնախագահ, նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ իր կողմնակիցների հետ: Նրանք առվակներ են դարձել և, ինչպես ժամանակին նկատել է Սերժ Սարգսյանը, մայր գետի հունը փոխել չեն կարող, սակայն այնուամենայնիվ, քաղաքական նոր իրավիճակի իմիտացիա ստեղծելու համար բավարար ֆոն կարող են ապահովել: Դե իսկ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վեկտորների գործոնը միշտ կա ու կա. այն ժամանակ Հայաստանը բացառապես ԵԱՏՄ անդամ էր, այսօր արդեն վավերացրել է նաև ԵՄ ազատ առևտրի պայմանագիրը:

 

 Հայկ  Դավթյան  

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: