Ինչպես ուռին ու բարդին, Ծառուկյան խմբակցությունն իր «դարդին»

Mar 01, 2018 Comments Off on Ինչպես ուռին ու բարդին, Ծառուկյան խմբակցությունն իր «դարդին»

Չնայած քաղաքական շրջանակում բոլորն էլ գիտեն, որ Կարեն Կարապետյանին մոտ մեկ ամիս է մնացել՝ ղեկավարելու Գործադիր իշխանությունը եւ այն ապրիլի 17-ի ընտրություններով հանձնվելու է Սերժ Սարգսյանին, սակայն Ծառուկյան խմբակցությունում շարունակում են անողոք քննադատել Կարեն Կարապետյանին։ Ասել է թե աշխարհն աշխարհով, ծառուկյան խմբակցությունն իր դարդով։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերթական անգամ բարձրաձայնեց կառավարության օպտիմալացման մասին: «2017-ի հունվարի 1-ի դրությամբ պետբյուջեից սնվող 917 տրանսպորտային միջոց ունեինք: Կառավարությունը որոշում կայացրեց կրճատել այդ մեքենաների թիվը, արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծվեց: Ցավոք, կրճատվեց 27 տրանսպորտային միջոց, որը 2 տոկոսն էլ չի կազմում ընդհանուր տրանսպորտային թվի: Ծախսերի օպտիմալացման ձեր ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ծրագիր կա եւ ինչքանո՞վ եք ճիշտ համարում,որ այս դժվար պայմաններում, երբ որ դուք կոչ եք անում, որ գոտիները ձգի հասարակությունը, այնինչ կառավարությունը շարունակում է բենզինով քշել մեքենաները, երեխաներին տանել դպրոց: Ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշտոնյաների մեքենաների շքերթ տեսնել, որոնք իրենց երեխաներին ուղեկցում են դպրոց: Իրենց տան աղբը պաշտոնյանի կանայք ամեն օր տանում են աղբանոց ծառայողական մեքենաներով եւ այդ բոլորը կատարվում է հասարակության աչքի առաջ: Իսկ մենք 45 հազար դոլար չենք կարողանում գտնել՝ մեր վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար, ինչքանո՞վ է սա բարոյական»,-հռետորական հարց հնչեցրեց Սերգեյ Բագրատյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, զուտ փող խնայելու սկզբունքը ըստ նախարարի՝ սխալ մոտեցում է, պետք է նայես, թե ամեն մեքենա ինչ ավելացրած արժեք է ստեղծում: Ինչ վերաբերում է բենզինով, թե գազով քշել, Արամյանն ասաց, որ վերլուծություն կանեն, որովհետեւ գազով մեքենան վարելու դեպքում մեքենաների շահագործման ժամանակահատվածը կարող է փոխվել: Պետք է հաշվարկ անեն ու հասկանան: Բագրատյանն ասաց, որ վարչապետն ասում է՝ սեղմած գազով մեքենան վարելը արդյունավետ է եւ անվտանգ եւ կոչ է անում մարդկանց գազով մեքենա վարել ու եթե կառավարությունը չի անցնում սեղմած գազի՝ նման խորհուրդ տալու իրավունք չունի: Բագրատյանի հաշվարկներով, տասնյակ միլիոններ կխնայեն, եթե բենզինի փոխարեն ծառայողական մեքենաները վարեն գազով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ բարձրաձայնեց դժգոհությունը ընդդիմության նկատմամբ կառավարության դրսևորած վերաբերմունքից: Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, Պետրոսյանը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պետաիրավական հանձնաժողովի նիստում «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարությունը մերժել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկները՝ նշելով, որ 10-օրյա ժամկետում քննարկումներ կկազմակերպվեն այդ հարցի շուրջ: «Մենք կտրե՞նք մեր հույսը նրանից, որ կառավարությունը պետք է հարգանքով վերաբերի ընդդիմության ներկայացրած նախագծերին: Սա ի՞նչ է նշանակում, թե՞ կառավարությանը չի հետաքրքրում այդ խնդիրը, դրա համար կարելի է խոստանալ և մոռանալ: Խնդրում և անկնալում եմ, որ հուզական չեզոքություն ապահովող պատասխան տաք, այլապես իմ արձագաքն էլ կլինի այդպիսին», – նշեց Պետրոսյանը:

Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ ինքը չի հիշում, թե նման խոստում է եղել: «Կառավարությունը համապատասխան նիստով հավանության է արժանացնելու այս օրեսնգրում փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, և ձեր նշված խնդրի լուծումը ևս ներառված է նախագծում: Այն շատ ավելի համապարփակ ու լիարժեք լուծում է առաջարկում», – նշեց նախարարը:

Ծառուկյան խմբակցության պատգամավորները նաեւ կազմակերպված գրոհեցին Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դեմ։ Խնդրո առարկան բարձրագույն կրթության մասին օրենքն է։ Հիշեցնենք, որ այս խմբակցության երկու պատգամավորներ՝ Բոստանջյյանն ու Միքայել Մելքումյանը բուհերի դասախոսներ են եւ օրենքն ուղիղ առնչվում է նաեւ իրենց։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: