Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը պատմել է դստեր հայկական արմատների մասին

Feb 28, 2018 Comments Off on Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը պատմել է դստեր հայկական արմատների մասին
Ժենյա Մեդվեդևան ուրախացնում է հորը ոչ միայն սառույցի վրա փայլուն հաջողություններով, այլև իր հիասքանչ նկարներով, որոնցով նա արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել։ Այդ մասին Արման Բաբասյանը պատմել է «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նա նաև հավելել է, որ աղջիկը մորից է ժառանգել իր հմայքը և համառությունը, բայց հոր կողմից էլ շատ գծեր ունի:

Ինչպես պատմում է հայրը, Ժենյան դեռ մանկուց չարաճճի ու հետաքրքրասեր է եղել։

«Նրան հետաքրքրում էին բոլոր դարակները, արկղերը, մի խոսքով աղջկանիցս աչքը չէր կարելի կտրել։ Իսկ երեք տարեկանից Ժենյայի կյանքում առաջնայինը գեղասահքն էր», – պատմում է Արմանը։

Եվգենյայի մայրը՝ Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Նա սպորտից հեռացել է ծանր վնասվածքից հետո։ Իսկ հոր մասին միայն պատկերացում են կազմել աղջկա ազգանունից։

Թերևս Եվգենյայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է Հայաստանում։ Եվ դա բնական է, նա մեր հայրենակցուհին է: Տեղական գրեթե բոլոր ԶԼՄ-ները նրան Մեդվեդևա-Բաբասյան են անվանում։ Եվ Հայաստանում ամենից շատն են ցանկանում իմանալ, թե ինչու աղջիկը հոր ազգանունը չի կրում։

«Ես սպասում էի այդ հարցին։ Նա ազգանունը փոխել է (վերցրել է տատիկի աղջկական ազգանունը. խմբ) իմ համաձայնությամբ, և այդ պահին նման որոշումը ճիշտ էր։ Պետք չէ զարմանահրաշ, սրտաճմլիկ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրել, քանի որ նման բան չկա։ Ես ու Ժաննան բաժանվել ենք, բայց մեզ հաջողվել է ջերմ, ընկերական հարաբերություններ պահպանել։ Որպես Ժենյայի ծնողներ՝ մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք այժմ էլ։ Ուզում եմ ասել, որ Ժաննան հիանալի մայր է և շատ արժանի մարդ», – ասել է Արմանը։

Արմանը վաղուց չի ապրում կնոջ և աղջկա հետ, բայց այնքան շատ է երկրպագում աղջկան, որ չի կարողանում դիտել նրա ելույթների ուղիղ եթերները։

Նա անգամ օլիմպիական մեկնարկից առաջ զերծ է մնացել դստեր հետ խոսելուց, որպեսզի ո՛չ ինքը հուզվի, ո՛չ դուստրը։

«Աղջկաս կարճ հաղորդագրություն եմ ուղարկել՝ ջերմ մաղթանքներով», – ասել է գեղասահորդուհու հայրը։

Նա աղջկան միշտ խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն ինքն է ուզում, որն իր սրտով է։ «Իսկ ես միշտ եղել եմ և կլինեմ նրա կողքին», – հավաստացրել է Արմանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: