ԱՄՆ-ն էլ «արթնացավ» Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» սպառնալիքից

Mar 02, 2018 Comments Off on ԱՄՆ-ն էլ «արթնացավ» Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» սպառնալիքից

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 20 օր առաջ արած հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը: «Ազատություն»-ը հարցում է ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, և արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը:

«Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», – ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք, փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը:

Այս հայտարարությանը նախ պաշտոնական Երևանն արձագանքեց: Սերժ Սարգսյանը այն զառանցանք որակեց և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել դրանց վրա:

Ալիևի հայտարարություններից հետո 1 շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձավ թեմային՝ փետրվարի 15-ի ճեպազրույցի ընթացքում նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Այնուհետև, Ալիևի հայտարարությունից 12 օր անց դիրքորոշում հայտնեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից Ֆրանսիան: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ արեցին «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»: Ֆրանսիան ամբողջությամբ ներգրավված է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնման գործում, հայտարարեց երկրի արտգործնախարարությունը: Ի պատասխան հարցի՝ ինչպիսին է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ին արած հայտարարությունների առնչությամբ, թե, մասնավորապես, Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում հրապարակած հաղորդագրությունում նաև կոչ է արել հակամարտության կողմերին՝ բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ, «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Նշենք նաև, որ փետրվար 12-ին՝ Ալիևի հայտարարությունից 4 օր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին բարեխիղճ կատարել Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. «Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, և կոչ են անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք»:

Մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ողջունել են կողմերի մտադրությունը՝ «շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական ժամանակաշրջանը», մյուս կողմից համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ապա՝ Միացյալ Նահանգները, նայեք, թե ինչ դանդաղկոտություն են ցուցաբերում և քանի օր ու շաբաթ անց են արձագանքում Ալիևի սպառնալիքներին:

Այսինքն, եթե Ալիևը մի օր հայտարարի, որ պատրաստվում է հարձակվել Հայաստանի ուղղությամբ՝ այսպիսի «օպերատիվության» ավանդական փորձն ունենալով, նա կարող է անցնել գործողությունների՝ իմանալով, որ ամենաշուտը համանախագահող երկրներից առանձին հայտարարություններ կարող են լինել մի քանի օր անց: Ամենաարագը կարող է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այն էլ հերթական «բալանսավորված» հայտարարությամբ:

Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից թեկուզ ուշացած հայտարարությունները որոշակի ազդեցություն կարող են ունենալ Ալիևի պահվածքի վրա, մի որոշ ժամանակ նա կլռի: Բայց ընդամենը՝ մի որոշ ժամանակ:

Ուրեմն, միջնորդ պետությունները պետք է հաշվի առնեն, որ իրենց դանդաղկոտությունը՝ 1 շաբաթից մինչև 20 օր անց Ալիևի սպառնալիքներին արձագանքելը կարող է կոնկրետ հետևանքներ ունենալ՝ Ալիևի սանձարձակությանը «դաբրո» տալու տեսանկյունից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: