Ու՞մ է  ձեռնտու Մարտի 1-ի «ռեստարտը»

Mar 02, 2018 Comments Off on Ու՞մ է  ձեռնտու Մարտի 1-ի «ռեստարտը»

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել Մարտի 1-ի գործով:

«Եթե այսօր էլ է հարցը բարձրացվում, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն ինչ-որ մեկի դեմ գործողություններ է անում: Կա խնդիր, որ քաղաքական ուժերը ցանկություն ունեն քննարկման, մենք էլ ասում ենք՝ խնդրեմ քննարկենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա՝ անդրադառնալով ՀՀԿ որոշմանը, որ Մարտի 1-ի հարցը պետք է քննարկվի ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ:

Ս.Նիկոյանի խոսքով` ընդդիմության մի մասն ուզում է, որ Մարտի 1-ի մեղավորները բացահայտվեն, բայց որոշում կայացնող ընդդիմությունը չի ուզում. «Չի ուզում շատ պարզ պատճառով, քանի որ նրանք դեռևս հույս ունեն, որ կարող են իրականացնել իշխանափոխություն: Մի մասն իրենց մտածելով՝ չէին ուզում, որ դա բացահայտվեր, որպեսզի մեկ տարի, կամ 3, կամ 10 տարի հետո այդ հարցը նորից դնեն շրջանառության մեջ»:

Բացահայտմանը դեմ հատվածի մեջ, ըստ Նիկոյանի, «Ելք» դաշինքի այսօրվա առաջնորդներն են, ովքեր չեն ուզում, որ Մարտի 1-ը բացահայտվի:

Քաղաքական այլ ուժերի ցանկությանն ընդառաջելը ՀՀԿ-ի գործելաոճին երբեք բնորոշ չի եղել: Թերևս հակառակը՝ կյանքը ցույց է տվել, որ որպես կանոն քաղաքական ուժերը մեծ մասամբ ընդառաջ են գնացել ՀՀԿ-ի ցանկություններին: Ժամանակին,  երբ  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ էր քաղաքական դաշտում, Մարտի 1-ի թեման էլ ՀԱԿ-ի օրակարգային կարևոր հարցն էր, ՀՀԿ-ն որևէ կերպ չէր ընդառաջում նրանց ցանկություններին:  Ի դեպ՝ ժամանակ առ  ժամանակ տարբեր քաղաքական ուժեր հարց են բարձրացրել Մարտի 1-ի գործով հարցաքննել ոչ միայն Ռոբրետ Քոչարյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին  ու Սերժ Սարգսյանին նույնպես: Եթե Հայաստանն ունենար արդար և անկախ դատական համակարգ, ապա այս երեք հարցաքննություններն արդեն վաղուց արված կլինեին՝ ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի կամ խորհրդարանական հանձնաժողովի ցանկությամբ, այլ գործը քննող դատավորի որոշմամբ: Տվյալ պարագայում, եթե խոսքը վերաբերում է Մարտի 1-ի գործին և հարց է դրվում հարցաքննել Քոչարյանին, պետք է հասկանալ՝ դա ում ցանկությունն է. Սամվել Նիկոյանն արտահայտել է իր անձնական կամ մասնավոր կարծիքը, թե՞ ՀՀԿ-ի կուսակցական մոտեցումը:ՀՀԿ-ում այն էլ այդպիսի լուրջ հարցերի մասին անձնական կարծիքներ հայտնելը ընդունված չէ, իսկ եթե դա ՀՀԿ-ի քաղաքական ցանկությունն է, ապա պրոցեսը դառնում է հետաքրքիր, որովհետև բոլորն են հասկանում, թե ՀՀԿ-ում ում ցանկություններն են դառնում քաղաքական մոտեցումներ:

Առաջին հայացքից Ռոբերտ  Քոչարյանի ու Մարտի 1-ի թեմայի քաղաքական շրջանառությունն այս փուլում ժամանակավրեպ է նաև անհասկանալի: Ռոբերտ Քոչարյանը կարծես թե հարմարվել է թոշակառուի իր կարգավիճակի հետ և քաղաքական ակտիվության նշաններ չի էլ ցուցաբերում: Այդ դեպքում ինչի՞ց է այդպես վախենում ՀՀԿ-ն՝ Քոչարյանի գիշերային երազների՞ց, թե՞ այս քայլերի հեռահար նպատակը Քոչարյանին ինչ-որ պրոցեսի մեջ ներքաշելն է: Վերջերս ղարաբաղյան շարժման 30 ամյակի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր Արցախ և մասնակցել շարժմանը նվիրված պաշտոնական միջոցառումներին: Գուցե այնտեղ մասնավոր զրույցներում նա ինչ-որ դժգոհությո՞ւն է արտահայտել Սերժ Սարգսյանից և հիմա ստանում է պատասխա՞նը:

Ի դեպ, Ելք դաշինքի Ազատության հրապարակ գործուղվելու որոշումը ի կատար ածելու դեպքում, Մարտի 1-ի թեման ռեստարտ է ապրելու. ո՞ւմ է դա ձեռնտու:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: