Թբիլիսիի ուշագրավ ժեստը Սերժ Սարգսյանին. հերթը Երևանինն է

Mar 01, 2018 Comments Off on Թբիլիսիի ուշագրավ ժեստը Սերժ Սարգսյանին. հերթը Երևանինն է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կողմից երեկ ուշագրավ մի ժեստի մասին հաղորդեցին ադրբեջանական գործակալությունները:

Վրաստանի նախագահը Վրաստանի Մառնեուլի քաղաքում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում, մասնակցել է ադրբեջանցիների հետ հանդիպմանը: Միջոցառումը «Անկախությունից մինչև ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակումներում է անցկացվել, որին մասնակցել են երիտասարդ ադրբեջանցիներ:

Ահա, մի երիտասարդ ադրբեջանցի որոշել է սադրանքի դիմել, նա նախ հիշեցրել է, որ լրանում է «Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցը», ապա խնդրել է Վրաստանի նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական «Խոջալուի իրադարձությունների» զոհերի հիշատակը:

Սակայն, Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին: Եվ սա հաղորդում էր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մարգվելաշվիլին պատասխանել է, որ հետևում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տիրող իրավիճակին և դեմ է հակամարտության սրմանը: «Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հայաստան-Վրաստան կենսական հարաբերությունների, բարեկամական ու եղբայրական հարաբերությունների մասին շատ է խոսվել: Մշտապես ասվել է, որ պաշտոնական Երևանը պետք է ձգտի այնպես անել, որ երրորդ երկրներ չկարողանան այդ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:

Ավելին, Հայաստանն ու Վրաստանն այսօր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առումով միասնական հանդես գալու լուրջ հնարավորություններ ունեն: Պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման է ձգտում, Հայաստանն էլ ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, ու թեև Հայաստանի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ ոչինչ չի խանգարում, որ հարևան Վրաստանի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանն առաջնորդի իր շահերով, որը կարող է առանձնապես դուր չգալ Մոսկվային:

Երեկ Վրաստանի նախագահի ժեստը ուշագրավ էր հաշվի առնելով, որ արդեն մի քանի ամիս Երևանն ու Թբիլիսին առևտրատնտեսական, տրանսպորտային հարցերում բանակցություններ են վարում:

Նշանակում է Երևանն ու Թբիլիսին գիտակցում են միմյանց համար միմյանց կենսական նշանակությունն ու գինը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: