Ալիևի ու Էրդողանի եղբայրությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Mar 01, 2018 Comments Off on Ալիևի ու Էրդողանի եղբայրությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել գործընկերոջը ծննդյան 64-ամյակի առիթով, հայտնում են ադրբեջանական գործակալությունները: Զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցել է Ալիևին՝ «Խոջալուի դեպքերի» կապակցությամբ:

Էրդողանն ու Ալիևը վստահություն են արտահայտել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կշարունակեն հետագայում էլ հաջողությամբ զարգանալ։ Երեկ էլ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը կայցելեն Բաքու:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատրաստվում են այցելել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ թուրք պաշտոնյաները պատրաստվում են մասնակցել մարտի 15-17 կայանալիք Բաքվի 5-րդ գլոբալ ֆորումին: Նախատեսվում է նաև հանդիպումների շարք Ադրբեջանի ղեկավար պաշտոնյաների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանում ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պարզ է, որ Թուրքիան իր հավատարմությունը ցույց կտա «եղբայրական» Ադրբեջանին:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից վաղուց արդեն ակնհայտ են:

Թուրքիան մի քանի առիթներով ապացուցել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում է՝ ամեն ինչ Ադրբեջանի շահին համապատասխան սկզբունքով:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տապալումը թուրք-ադրբեջանական կուռ հարաբերությունների վառ օրինակ էին:

Այսօր՝ անկանխատեսելի Թուրքիան ինչ-որ առումով, նույնիսկ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար, այն տեսանկյունից, որ կարող է թև ու թիկունք կանգնել Ալիևին՝ Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսելու «դաբրո» տալու ուղղությամբ:

Ցավոք, Հայաստանի երկու հարևաններն այսօր այնպիսի քաղաքականություն են վարում, որ չի կարելի բացառել նոր պատերազմի բռնկումը՝ նաև Թուրքիայի իմացությամբ, եթե չասենք՝ դրդմամբ:

Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բավական լրջորեն են գործում ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից և սահմաններում հարաբերական անդորր ապահովելու ուղղությամբ բավական ջանքեր են գործադրում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: