Խոշոր վթար Արագածոտնի մարզում. 2 զոհ, 2 վիրավոր՝ փախցրած աղջկա հետեւից գյուղ գնալիս

Feb 27, 2018 Comments Off on Խոշոր վթար Արագածոտնի մարզում. 2 զոհ, 2 վիրավոր՝ փախցրած աղջկա հետեւից գյուղ գնալիս

Այսօր՝ փետրվարի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գևորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, 37-ամյա Լալա Կիրկակոսյանն ու վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ս. Ֆիդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և դրսում հայտնված մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի 2 անվահեծանները կոտրվել էին, գազաբալոնն էլ՝ պոկվել և շպրտվել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: