Պապից ավելի կաթոլիկ առաքելականը

Mar 03, 2018 1 Comment

Մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի հուղարկավորության, նրա մարմինը եկեղեցում դնելու պատմությունը շարունակում է կրքեր բորբոքել:

Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում: Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, և թշնամու դավադիր գնդակը խլեց նրա կանքը: Դեռ մինչև Գրիգորի ծնողների ՌԴ-ից հայրենիք վերադառնալը, հարազատները ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի: Սակայն ավելի ուշ, երբ պարզվել էր, որ Գրիգորը մկրտված չի եղել, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, չէր թույլատրել, որ զոհված զինվորի մարմինը տեղափոխեն եկեղեցի:

Հարազատներն ու համագյուղացիները խնդրին տվել են ինքնուրույն լուծում. հերոսի դին տարել են եկեղեցի, որտեղ քահանան կատարել է բոլոր արարողակարգերը: Աղմկոտ միջադեպից հետո Միքայել եպս. Աջապահյանը, փոխանակ ներողություն խնդրելու թյուրիմացության համար, զայրալից հեռուստաախռովք է արտահայտել հոտի նկատմամբ, որ այդքան անարդար են եղել իր անվան և գործի հանդեպ: «Այն որոշումը, որ կայացվել էր՝ կայացվել էր ի խրատ և ի օգուտ, որպեսզի մարդիկ հասկանան մկրտության կարևորությունը»,- «Ցայգ» հեռուստաընկերության միջոցով տարածած հեռուստապարզաբանման մեջ նշում է հոգևոր առաջնորդը: Նա նաև պատմում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Շիրակում բոլոր զոհված տղաների աճույնները իր հրահանգով դրվել են եկեղեցիներում՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք եղել են մկրտված, թե ոչ: Ավետիսյանների ընտանիքի ողբերգության ժամանակ ևս բոլորի մարմինները դրվեցին եկեղեցում, չնայած որ զոհերից մեկը՝ ընտանիքի փոքրիկ աղջնակը մկրտված չէր: Միքայել եպս. Աջապահյանը գտնում է, որ այդ պահին բարոյական չէր լինի մկրտության հարց բարձրացնել:

Հետաքրքիր է՝ ի՞նչ տարբերություն սակայն. ինչո՞ւ ապրիլյան պատերազմի օրերին այդ հարցը արծարծելը բարոյական չէր, հիմա բարոյական է: Չէ՞ որ հայրենիքի համար զոհված յուրաքանչյուր զինվոր սուրբ է, որը մկրտվել է ոչ թե մեռոնով, այլ սեփական արյամբ: Միքայել եպս. Աջապահյանի արդարացումը, թե արգելք չի եղել, այլ ընդամենը եղել է առաջարկություն՝ հերոսի համար քաղաքացիական հոգեհանգիստ կատարելու, արժանահավատ չէ, որովհետև քիչ անց նույն սրբազանը հարցնում է՝ գուցե նա աթեի՞ստ է եղել. «Ո՞վ իրավունք ունի աթեիստին թաղել եկեղեցական ծեսով: Դա վիրավորանք է աթեիստի համար»,- համոզված է հոգևոր հայրը:

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ եթե 20 տարեկան երիտասարդը զոհվում է հանուն հայրենիքի և սրբանում է ազգային և հայրենասիրական մտածողությոն մեջ, դա չի նշանակում, որ նա դառնում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ կամ Հայ Առաքելայան Եկեղեցու անդամ: «Ուզում եք՝ որևէ զինվորի 7 եպիսկոպոսով հուղարկավորենք, դա երբեք երաշխիք չի, որ նա կգնա երկնքի արքայություն, եթե նա մկրտված չէ: Բայց այն զինվորը, որը մկրտված է և հավատցյալ քրիստոնյա է, եթե մի խոնարհ քահանա էլ հուղարկավորի, անշուշտ կգնա երկնքի արքայություն»,- բացատրում է հոգևորականը և հավելում, թե միայն Աստված բացառիկ իրավունք ունի չմկրտվածին թույլ տալ մտնել երկինքի արքայություն:

Սրբազանը գտնում է, որ չափահաս մարդու փոխարեն՝ հարազատներն իրավունք չունեն ընտրելու, դա պիտի աներ ինքը ննջեցյալը, իսկ նա տվյալ պարագայում չի մկրտվել և չի ընտրել Հայ Առաքելայան Եկեղեցու անդամությունը: Համացանցում հարց էր բարձրացվել՝ երբ  Վարդանանց պատերազմի բոլոր մասնակիցներին սրբացրին, բոլորը մկրտվա՞ծ էին: Մառազմը հասել է այնտեղ, որ 21-րդ դարի հայ կղերական դասի որոշ ներկայացուցիչներ,  բարձրաստիճան հոգևորականին պաշտպանելով, հիշատակել են, որ Վարդանանց պատերազմից առաջ բոլոր չմկրտվածներին մկրտել և Ս. Հաղորդություն  են տվել: Վարդանանց պատերազմից անցել է 1600 տարի, սակայն եկեղեցական դոգմաները մնացել են նույնը. հասկանո՞ւմ եք՝ 16 դար է անցել, կարող էր չէ՞ գոնե 16 բան փոխվել եկեղեցի-հոտ հարաբերություններում:

Ի վերջո, երբ երեք տարի առաջ Հռոմի պապը սրբադասեց Հայոց ցեղասպանության զոհերին, ունե՞ր վստահություն, որ նրանք բոլորը մրրտված են եղել որպես քրիստոնյաներ: Ունի՞ այս հարցի պատասխանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, թե՞ նա Հռոմի պապից ավելի կաթոլիկ առաքելական է: Կամ որ եկեղեցին Խաչի քավոր է կարգում մեծահարուստներին, վստա՞հ է, որ նրանք անարատ վարքի տեր են, և դրանով ճանապարհ է հարթում, որ տե՞ղ ունենան երկնքի արքայությունում:

Սա իսկական խայտառայություն է: Եվ դեռևս փտած մտածողության տեր մարդիկ եկեղեցու և հոտի անջրպետի մասին են խոսում և ուզում են, որ հոտը հավատա իրենց ճշմարտացիությանը: Մի՞թե կարելի է այսքան ոչ մրցունակ լինել 21-րդ դարում:

 

 Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Պապից ավելի կաթոլիկ առաքելականը” հրապարակմանը

  1. Միսաք Ստեփանյան says:

    Էս տերտերներին վառելա պետք, ինչքան պտի անասուն ըլնեն, որ զոհված զինվորին տենց անարգեն, տո այ հայվաններ, ինչ մԿՌՏԵԼ ինչ բան, դուք էն գլխից էս ազգի թշնամին եք ու հիմա էլ կաք