Փող  կաշխատեն

Mar 03, 2018 Comments Off on Փող  կաշխատեն

Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  բիզնես գործունեության իրավունք և շահույթ ստանալու հնարավարություն կստանա: Գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան որոշումը, որով նախատեսվում է, որ աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը նշված ՊՈԱԿ-ին հնարավորություն կտա բացի սահմանված գործառույթներից, ունենալ բիզնես բաղադրիչ և լրացուցիչ եկամտաբերություն ապահովել: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու պատրաստակամությամբ»,- նշվում է  հիմնավորման մեջ:

Ներկայումս «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անտառային պետական մոնիթորինգ է իրականացնում կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝

անօդաչու թռչող սարքով մոնիտորինգ, անտառային տարածքներ մուտք գործող ճանապարհների թվայնացում, անտառային տարածքների պատկերների մշակում և բազայի ստեղծում, արբանայակային պատկերների վերծանմանում, անտառածածկ տարածքների փոփոխությունների նախնական բացահայտում և այլն:

«Ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու համապատասխան տեխնիկական բազա և մարդկային ռեսուրսներ կենտրոնը կարող է իր փորձն ու գիտելիքները ներդնել հանրապետության այլ հողատեսքերը, այդ թվում գյուղատնտեսական տարածքը ծածկող բուսածածկի թվային քարտեզների ստեղծման գործում»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ և ի հավելումն ասվում, որ այդ նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել կենտրոնին հնարավորություն ընձեռել իրականացնելու նաև ձեռնարկատիրական գործունեություն: Հատկանշական է նաև, որ կենտրոնը միջազգային, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ ստանալու հնարավորություն ունի: Թերևս անօդաչու սարքերը և մյուս ժամանակակից սարքավորումները, որոնցով կատարվում է մոնիթորինգը, տրամադրում են դոնորները, որն էլ իր հերթին արդյունավետ բազա  է ստեղծում լավ բիզնեսի համար:

Հայտնի է, որ տարիներ շարունակ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող պետական ընկերությունները  բիզնես գործունեության իրավունք չեն ունեցել, քանի որ դա հակասել է նրանց կանոնադրությանն ու բուն առաքելությանը: Մինչդեռ այժմ կառավարությունը նոր մետեցում է ցուցաբերում՝ որդեգրելով պետական ձեռնարկությունների միջոցով փող աշխատելու քաղաքականություն:

Կառավարության որոշման կարգավորման նպատակը և բնույթը հենց այդպես էլ պատճառաբանվում է՝ ունենալ բիզնես բաղադրիչ և ապահովել լրացուցիչ եկամտաբերություն:

Սա նաև պայմանավորված է անտառային ոլորտում ընթացող բարեփոխումներով և ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններով:

Իհարկե, պետության համար փող աշխատելը բացասական միտում չէ, բայց փորձը վաղուց արդեն ցույց է տվել, որ փող աշխատելու լրացուցիչ մեխանիզմները պետական հիմնարկներում վաղ թե ուշ վերածվում են կոռուպցիայի օղակների:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: