Ռազմա-քաղաքական գործարքներ Հայաստանի հարևանի հետ. Իրանը խաղում է բոլորի հետ

Mar 03, 2018 Comments Off on Ռազմա-քաղաքական գործարքներ Հայաստանի հարևանի հետ. Իրանը խաղում է բոլորի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթեմիին: Ալիևը համոզմունք է հայտնել, որ Խաթեմիի այցը լավ հնարավորություն կդառնա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները քննարկելու համար: Իր հերթին նախարարը նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն է տալիս հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության հիմնական շեշտադրումներից մեկը բոլոր երկրների տարածքային ամբողջականության հանդեպ տածած հարգանքն է, ըստ Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին:

Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երկօրյա այցով` բանակցություններ անցկացնելով երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Բանակցությունների ընթացքում, ըստ «ԱզերԹԱջ» գործակալության, կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ Ձեր այցը Բաքու մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու հարմար առիթ է: Բացի այդ, մենք այս բանակցությունների ընթացքում կարող ենք քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության հեռանկարները», – դիմելով Իրանի պաշտպանության նախարարին՝ հայտարարում էր Իլհամ Ալիևը:

Հարկ է նկատել, սակայն, որ Իրանը և Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում մինչ օրս լուրջ հաջողությունների չեն հասել: Ռազմական համագործակցության խնդիրներով զբաղվող ադրբեջանա-իրանական աշխատանքային խումբը ստեղծվել է 2015-ին` այն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հոսեյն Դեղհանի Բաքու այցի ընթացքում:

Վերջին երեք տարիներին, այդուհանդերձ, այդ խումբն ընդամենը երկու նիստ է գումարել: Դրանցից վերջինը կայացավ 2017-ի հոկտեմբերին, դրա ընթացքում կողմերը, ըստ Eurasianet կայքի, քննարկում էին նաև իրանական զենքի հնարավոր մատակարարումը Ադրբեջան: Փորձագետների կարծիքով` Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Ադրբեջանի համար առավել գրավիչ են դարձել իրանական արտադրության բալիստիկ հրթիռները, սակայն Թեհրանում դրանք վաճառել չեն շտապում: Ռազմական վերլուծաբանները ենթադրում են, որ Թեհրանում մտավախություններ կան, թե Ադրբեջանը իրանական ռազմական տեխնոլոգիաները կարող է Իսրայելին փոխանցել:

Բացի այդ, ուշագրավն այն է, որ իրանա-ադրբեջանական վերջին բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: «Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա», – իր իրանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մշտապես հանդես է եկել կայունության հաստատման օգտին: Այժմ իրանա-ադրբեջանական հարաբերություններում, փաստացի, նոր մակարդակի մասին է խոսք գնում՝ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու փորձեր են արվում, իսկ սա ամենևին չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: