Արա Աբրահամյանի իրական դեմքն ու մտավորական թիկնապահները

Mar 03, 2018 Comments Off on Արա Աբրահամյանի իրական դեմքն ու մտավորական թիկնապահները

Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ:

Վեճն այս այժմ տեղափոխվել է իրավական հարթություն եւ դատարանն ապագայում կվճռի կողմերից որեւէ մեկի արդարացիությունը: Սակայն պարզվում է՝ Հայաստանում մտավորականության մի խումբ որոշել են առաջ ընկնել դեպքերից և հայտարարություն տարածել՝ դատելով ով է արդար, ով մեղավոր: Ավելի կոնկրետ Հայաստանի ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ «նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները», չեն կարողացել անտարբեր մնալ իրենց մեկենասի հետ կատարվածի նկատմամբ:

«Մեզ` Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում: Մենք դա անհանդուրժելի ենք համարում մանավանդ Արա Աբրահամյանի պարագայում, որի ղեկավարած հաստատությունների, ու նաև անձամբ իր, մարդասիրական, ազգասիրական, հայրենասիրական բաց ու հրապարակային գործունեության արդյունքները հայտնի են բոլորին` Հայրենիքում, Ռուսաստանում և այլուր: Մասնավորապես, մենք կարող ենք վկայել, որ մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին, ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում նա ջանք չի խնայել և, համոզված ենք, այսուհետ ևս չի խնայելու` տարբեր միջոցներով սատարելու է Հայաստանում մշակույթի, գրականության, գիտության և կրթության զարգացմանը, տնտեսական և սոցիալական նախաձեռնությունների խթանմանը, որոնց պարզ թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կպահանջեր: Ահա թե ինչու, բնական է թվում հարցը` իսկ ի՞նչ է արել նա, այսպես կոչված «ընդդիմախոսը», իր Հայրենիքի, ազգի, ընդհանրապես մարդկանց համար»:

Հայտարարության տակ ստորագրել են Գգրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, Արամ Սաթյանը՝ Կոմպոզիտորների միության նախագահ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղայանը եւ այլք: Նախ զարմանալի է՝ ինչպես այս մտավորականները պարզեցին, որ գործընթացն այս Արա Աբրահամյանին վարկաբեկելու նպատակ է հետապնդում եւ ոչ թե հենց դա է մերկ ճշմարտությունը: Միթե Արա Աբրահամյանի արժանիքների մասին պետք է դատել այն գումարի չափից, որը նա տալիս է ստեղծագործական այդ միություններին որպես օգնություն, թե նրա գործով: Իսկ Աբրահամյանի վերջին տարիների ողջ գործունեությունը մեր աչքի առջեւ է: Նա ծառայում է հանուն ռուսաց թագավորի ու պատեհ-անպատեհ առիթներով փառաբանում Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դա անելով Հայաստանի ու հայ ժողովրդի սուվերենությունն ոտնակոխ անելու հաշվին: Իսկ ինչ է արել Արա Աբրահամյանը Ռուսաստանում հայապահպանման ու հայկական ինքնությունը չկորցնելու համար, եթե նա մեկ անգամ չէ, որ ցույց է տվել՝ հայրենիքի շահը ստորադասում է Ռուսաստանի շահին, երբեւէ չի պայքարել հայ համայնքի ոտնահարված իրավունքների ու շահերի համար, թթու խոսք չի ասել ռուսական իշխանություններին, հարկ եղած դեպքում անարգել է իր ժողովրդին, նա լռել է անգամ, երբ Պուտինը ծաղրել ու հռհռալով հեգնել է՝ թե Հայաստանում ինչպես Արա Աբրահամյանն է ասում, ոչ թե 3 միլիոն հայ կա, այլ շատ-շատ ավելի քիչ: Չտեսնել այս պարոնի իրական դեմքն ու էությունը եւ սեփական խեղճությունից ու հերոսներ կերտել, ուղղակի ողբերգություն է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: