Պատմական լսումներ՝ըստ Ելք-ի

Feb 24, 2018 Comments Off on Պատմական լսումներ՝ըստ Ելք-ի

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ Ազգային ժողովում կայացած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ լսումները որակել է պատմական: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:

«Փետրվարի 23-ին «ԵԼՔ» դաշինքը Հայաստանի խորհրդարանում անցկացրեց պատմական լսումներ, որի մասին դեռ երկար է խոսվելու: Տարիներ առաջ, որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանի պառլամենտում հնարավոր է անցկացնել մարտի 1-ի մասին այսպիսի խորհրդարանական լսումներ: Մենք ոչ միայն կոտրեցինք այդ կարծրատիպը, այլև պետության թիվ 1 ամբիոնից հնչեցրինք ճշմարտություններ, որոնք շատ երկար ժամանակ միայն շշուկներով կարող էին լսվել ԱԺ միջանցքներում: Մենք հնարավորություն ստեղծեցինք մարդկանց համար բարձրաձայն հնչեցնելու ճշմարտությունը, իսկ դա երբեք չի կարող անհետևանք մնալ:

Սա ապացույցն է այն բանի, որ հետևողական և գրագետ քաղաքականությամբ կարելի է երկրում կատարել փոփոխություններ, որոնք նախկինում անհավատալի էին: «ԵԼՔ» դաշինքը հենց այսպիսի քաղաքականության դրսևորում է, որն իր քաղաքական, գաղափարական և կազմակերպչական ռեսուրսներով բալանսավորելու է իշխանությանը` ավելի ու ավելի մեծ արդյունքներ գրանցելով. սա նոր սերնդի քաղաքական պայքարի արդյունավետ մեթոդաբանություն է:

Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին լսումներին` ցույց տալով, որ Հայաստանում ճշմարտությունը չի մեռել, որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն բավարար խիզախություն և կամք` բարձրաձայնելու այդ ճշմարտությունը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: