Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ

Feb 24, 2018 Comments Off on Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ

ՀՀ կառավարության օրինակին որոշել է հետեւել նաև Երևանի ավագանին ու իր նիստերը փակել լրագրողների առաջ: Երևի լրագրողները շատ ծանր կտանեն այս նորությունը: Բայց ոչինչ, եթե որոշել եք փակ նիստ անել, ուրեմն արեք, գնացեք մինչև վերջ: Պարզապես ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կմեկնաբանվեր օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը, եթե այնտեղ լրագրողներ չլինեին, իսկ նիստն էլ լիներ այնքան փակ, ինչքան Տարոն Մարգարյանի սիրտը կուզեր: Նիստից հետո քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հավանաբար, կգրեր. «Տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ նաև Նուբարաշենի բարեկարգման և քաղաքացիների հարմարավետության ապահովման հարցերին: Նիստին ակտիվորեն մասնակցեցին և իրենց շահեկան առաջարկներով հանդես եկան «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամները, որոնք նաև հայտարարեցին, որ եղել են Նուբարաշենում և այնտեղից կոյուղաջրի նմուշներ են բերել քաղաքապետին կից հատուկ ծառայություններին հանձնելու և լաբորատոր ստուգման ենթարկելու համար»: Այսքան բան: Բայց դուք տեսա՞ք ինչ արեցին լրագրողները: Ինչ ասես` չգրեցին, ինչ ասես ցույց չտվեցին… էլ մազ քաշել, էլ բոքսել, էլ պինդ գրկել, էլ ձեռ գցել… Եվ, պատկերացրեք, այդ ամենը լրագրողների երևակայության արդյունք չէր: Հետաքրքիր է, թե երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն ինչպես կարձագանքեն մեր մյուս քաղաքների, օրինակ` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի քաղաքապետարանները: Իսկ մարզպետները վաղը չե՞ն պահանջելու իրենցից որոշակի հեռավորության վրա պահել լրագրողներին: Հետո էլ կգա չաղ օրենքի հերթը, որով լրագրողները կհայտարարվեն ավելորդ օղակ` ՀՀ իշխանությունների և ժողովրդի` փոխադարձ սիրո և հարգանքի հիմքի վրա կառուցված հարաբերություններում: Առաջ գոռալով` հետ-հետ ենք գնում, պարոնայք: Հավանաբար որոշել եք լրագրողներին ինչ-որ կեպ հաղթել ու հօդս ցնդեցնել այն «թյուր» կարծիքը, որ եթե Հայաստանում մի կայացած բան կա, ապա դա մամուլն է: Բայց ասեմ, եթե մեր մամուլը չլիներ, մեր լրագրողների աշխատանքը չնկատվեր ժողովրդավարության և ազատ խոսքի միջնաբերդերում, Հայաստանը գուցե բոլոր ասպեկտներով հավասարվեր Ադրբեջանին և նույնիսկ «մասամբ ազատ» երկիր չհամարվեր:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: