Քոչարյանի ուրվականը՝ ՀՀԿ-ում

Feb 25, 2018 Comments Off on Քոչարյանի ուրվականը՝ ՀՀԿ-ում

Խորհրդարանում Մարտի 1-ի թեմայով հրավիրված լսումները իշխանությունը տարավ մի ուշագրավ հունով, որը ձգվում էր դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկապես էմոցիոնալ ելույթ ունեցավ ժամանակին խորհրդարանի կողմից մարտյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
«Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, միտումնավոր է արե՞լ, հանցագո՞րծ է, ուրեմն թող պատժվի որպես հանցագործ։ Թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Ու շատ դժվար է: Ես անընդհատ հիշում եմ այդ իրադարձությունները: Որոշ մարդիկ, որ մասնակից էին դրան, մոռացան հաջորդ օրերը, իսկ ես տարի ու կես անընդհատ այդ կադրերը նայել եմ ու ապրել եմ դրանով, դա մի դժոխք էր: Ես անընդհատ հիշել եմ հարազատների, ծնողների արցունքները կամ հայացքները: Դրա համար ինչ-որ մի բան պետք է անել այդ ուղղությամբ» :

Նիկոյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ Փաստահավաք խումբը հարցաքննության չհրավիրեց Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին, ասաց՝ հանձնաժողովը իրավասություն չուներ հարցաքննության կանչելու նախկին պաշտոնյաների։

Այնուհետև հանրապետական պատգամավորը դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։«Առաջին նախագահին՝ ասում էիք՝ ինձնից բացի թող էլ ոչ մի զոհ չպահանջվի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էին: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին, բա չգիտեի՞ք իշխանության քայլերն ինչ էին լինելու»։

Քոչարյանին դիմելով էլ Նիկոյանը սենսացիոն բացահայտում արեց. «Դուք արտակարգ դրությունը հայտարարելը հիմնավորելով հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:

Այն, որ ՀՀԿ-ականները բազմիցս են Մարտի 1-ի զոհերի համար մեղադրանքներ ուղղել առաջին նախագահի կողմը, գիտեն բոլորը, սակայն այսպիսի կացնային մոտեցում Քոչարյանի հանդեպ երբեւէ չի դրսեւորվել: Անշուշտ, մարտյան իրադարձությունների համար Քոչարյանի մեղքի ու պատասխանատվության մասին առաջին անգամը, չէ, որ հայտարարվում է, սակայն այդ մասին խոսել են ընդդիմադիրները, կամ իշխանության կողմից գործուղված ընդդիմադիրները, պարզ ասած՝ իշխանությունն իր բերանով գրեթե չի ակնարկել նման հարցեր, ինչն արվեց տասը տարի անց՝ Նիկոյանի բերանով:
Արդյոք իշխանությունը իրական վտանգներ է զգում ՀՀ երկրորդ նախագահից, ով վերջին շրջանում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում: Օրերս էլ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Ղարաբաղ, տեղեկություններ սպրդվեցին, որ կատարած այցն ամենևին էլ պատահական չէր:

Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում ևս լուռ դժգոհություն կա Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսևորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության:

Հիշեցնենք, որ Սերժ Սսարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելու հայտարարություններ են անում նաեւ Ելք-ից, եւ չի բացառվում իրավիճակի անսպասելի շրջադարձ: Այս համատեքստում հասկանալի է դառնում Քոչարյանի նկատմամբ ՀՀԿ-ի վախերի պատճառը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: