«Թվային ցատկս» կոռուպցիայի չնվազող համաթվիդ վնաս չէ

Feb 27, 2018 Comments Off on «Թվային ցատկս» կոռուպցիայի չնվազող համաթվիդ վնաս չէ

Վարչապետ Կարեն Կարապետյանը «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակում ծանոթացել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» փաստաթղթի վերջնական տարբերակին:«Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության պլատֆորմի ձևավորման, թվային ծառայությունների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում և ժամանակի կրճատում, առցանց տրամադրվող ծառայությունների ու «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Իհարկե դժվար է պատկերացնել, թե ինչ է նշանակում թվային ցատկը Հայաստանի համար, բայց մինչ այս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը հրապարակել է 2017 թ․ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցը, որտեղ Հայաստանը ընդամենը երկու կետով բարելավել է դիրքերը, սակայն շարունակում է գտնվել անբարենպաստ դիրքերում: Հայաստանի ԿԸՀ-ն 2017 թ. գնահատվել է 35 միավոր և Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությամբ՝ 0 միավորը նշանակում է բացարձակ կոռումպացված, 100 միավորը նշանակում է բացարձակ մաքուր։
Նախորդ՝ 2016 թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33, ինչը նշանակում է, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը համարյա չի փոխվել:
Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016թ. նա զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017 թ. համաթիվը հավասար է 56-ի, որը թեպետ նախորդ տարվա համեմատ 1 միավորով ցածր է, սակայն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում: Բարելավվել են անգամ Բելառուսի դիրքերը՝ 2016թ. 40-ից այս տարի նրա միավորը հասել է 44-ի: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանը շարունակում է զիջել նաև Թուրքիային, որի միավորը 41 է:

Ավելի վատ վիճակում են մեր մյուս երկու հարևանները՝ Ադրբեջանը, որի միավորը 31-է և Իրանը՝ 30 միավորով:
Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի համեմատ. մասնավորապես Ռուսաստանն ունի 29 միավոր, Ղրղզստանը՝ նույնքան, Ղազախստանը՝ 31 միավոր:
Թե ինչ պատկեր կարող են փոխել թավային ցատկերը, դժվար է ասել, սակայն կարելի է չկակածել, որ 2018 թվականին սկզբից կառավարության որդեգրած քաղաքականությունը բերելու է կոռուպցիայի համաթվի վատթարացման: Մասնավորապես կառավարության նիստերը փակ անցկացնելու որոշումը, որին հաջորդում են Երևանի ավագանու նիստերից ԶԼՄ-ների հեռացումը, այս առումով ոչ մի լավ բան չեն խոստանում:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: