Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը

Feb 23, 2018 Comments Off on Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (AmCham) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:  

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Առեւտրի եւ ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում է մտավոր սեփականությանը, որի պաշտպանությունը կարեւորվում է բիզնեսի աջակցության եւ զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում ներկայացվել են  մտավոր սեփականության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց բիզնեսն առնչվում է առօրյա գործունեության մեջ: Մասնավորապես բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին եւ մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին, մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա եւ այլ հարցերի:

Կարեն Կարապետյանը նշել է բարձրացված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը եւ հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին, AmCham-ի անդամ-կազմակերպությունների հետ համատեղ, քննարկել խնդիրներն ու  դրանց  լուծմանն ուղղված  առաջարկությունները:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: