Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանն ավելի զիջող է լինելու բանակցային սեղանի մոտ, քան Սերժ Սարգսյանը. Հ. Բագրատյան

Feb 24, 2018 Comments Off on Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանն ավելի զիջող է լինելու բանակցային սեղանի մոտ, քան Սերժ Սարգսյանը. Հ. Բագրատյան

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնում է իրեն որպես վարչապետ հաջորդած, ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հասարակության սպասելիքներին, Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, ներդրումների վերաբերյալ սպասելիքներին:

-ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ձեզ փոխարինեց որպես վարչապետ. իր անձի հետ կապված ի՞նչ գնահատական կարող եք տալ: Եվ ինչու՞ հենց Արմեն Սարգսյանը:

-Նա «Հանրապետականի» մեծամասնության թեկնածուն է: Ինչու նրան ընտրեցին՝ չգիտեմ: «ՀՀԿ»-ի թեկնածուն է, չեմ ուզում ոչինչ մեկնաբանել: Ինչ վերաբերում է իր աշխատանքին, հաջողություն եմ մաղթում, պետության գլուխն է դառնում, ինչքան էլ ասեն, որ նրա պաշտոնը սիմվոլիկ է, ես չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը պահանջի, որ իր հետ բանակցի Հայաստանի Հանրապետության նախագահը:

 Այստեղ խնդիր կա, և կմաղթեի նրան բավականաչափ կոշտություն և նաև՝ սկզբունքային դիրքորոշում, որովհետև նա այդպիսի հատկություն ունի՝ բոլորի հետ լեզու գտնելու, բայց կան ոչ կոմպրոմիսային հարցեր, որոնք ենթակա չեն լեզու գտնելու: Ես հուսով եմ, որ նա իր մեջ  բավականաչափ ուժ կգտնի և կոշտ կլինի այն հարցերի նկատմամբ, որոնք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ստրատեգիական շահերից են բխում:

-Ինչ-որ ազդակներ ունե՞ք, որ ադրբեջանական կողմը նման բան է պահանջելու, որ իրենց հետ բանակցի Արմեն Սարգսյանը, և պատկերացում ունե՞ք՝ ինչպես է դրան արձագանքելու Սերժ Սարգսյանը:

-Չգիտեմ, ես լինեի Ալիևի տեղը, այդպես կվարվեի:

-Այսինքն, ըստ Ձեզ՝ Արմեն Սարգսյանն ավելի կո՞շտ մոտեցում կարող է ցուցաբերել, քան Սերժ Սարգսյանը:

– Հակառակը։ Մի առիթով ասել եմ՝ գոնե Ղարաբաղի հարցում, բանակցությունների կարգավիճակի հարցում մենք ահագին առաջ ենք գնացել: Իսկ Իլհամ Ալիևը, որը չի համաձայնում գնալ որևէ լուծման՝ համարելով, որ ստեղծված իրավիճակն ու առաջարկվող լուծումներն Ադրբեջանին ձեռնտու չեն, (չնայած, մեզ էլ ձեռնտու չեն) կարող է պահանջել՝ հույս ունենալով, որ դրանից ավելի վատ, միևնույնն է, իրենց համար չի լինելու, որ փոխվի բանակցող կողմը ներկայացնող անձը:

-Խորհրդարանական մեծամասնության պարագայում՝ վարչապետն է առաջին դեմքը:

-Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ նախագահը պետության գլուխն է: Բան չունեմ ասելու՝ այս նախագահի լիազորություններն ավելի քիչ են, քան նախորդինը, բայց նա, այնուամենայնիվ, ՀՀ նախագահն է:

-Իսկ ի՞նչ է տալու Իլհամ Ալիևին բանակցություններում անձի փոփոխությունը:

-Ես Իլհամ Ալիևի փոխարեն չեմ կարող խոսել: Բայց չեմ բացառում, որ նման մոտեցում կարող է լինել: Եվ չէ՞ որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն արագացնելու որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մեզ մոտ հայտարարվեց ՀՀ նախագահի նոր թեկնածուի մասին: Բացառված չէ, որ դա նաև այդ փաստի հետ էր կապված: Ալիևը (կամ էլ նրա կինը) մայիս-հունիսին երևի բանակցությունների գա ուժեղացված, և կրկնում եմ՝ հնարավոր է՝ դրա հետ է կապված:

-Իսկ միգուցե Դուք հասկացնել եք տալիս, որ Արմեն Սարգսյանը բանակցային սեղանի մոտ ավելի զիջո՞ղ է լինելու, քան Սերժ Սարգսյանը:

– Այն, որ Արմեն Սարգսյանը կփորձի  ավելի  զիջումնային լինել, քան Սերժ Սարգսյանը, կասկած չունեմ: Բայց ես չասացի, որ դա այդպես էլ  կլինի, որ չգիտեմ ինչեր կզիջի:  Պարզապես զգուշացնում եմ հնարավոր ելքի մասին և դրա հետ կապված Արմեն Սարգսյանին մաղթում եմ առողջություն և պնդություն Ղարաբաղի հարցում: Նա գրեթե ուրիշ անելիք չի ունենալու: Բացի նշվածից, նրա գործը օրենքներ ստորագրելն է լինելու: Եվ կրկնում եմ՝ հուսով եմ՝ նա իրեն պինդ կպահի: ՀՀ և՛ վարչապետին, և՛ նախագահին, անկախ նրանից՝ ով կբանակցի, սպասվում են դժվար ամիսներ ու տարիներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: