Ելք-ը կողմ է իշխանության թվանկարչությանը

Feb 26, 2018 Comments Off on Ելք-ը կողմ է իշխանության թվանկարչությանը

Որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը իշխանության թվանկարչության հերթական կառույցներից մեկն է, դրանում համոզվել են շատերը։ Հրանտ Բագրատյանի ականջը կանչի, որն անցած գումարման քառօրյայի ընթացքում ծառայության պետ Ստեփան Մնացկանյանի բոլոր ելույթներն ու ներկայացրած վիճակագրությունը, քարը քարին չէր թողնում։ Բագրատյանը խորը ուսումնասիրում էր ներկայացված ցուցանիշները եւ պարզում, որ ծառայությունն ի դեմս պետի սովորական «սուտասան» ու թվանկարիչ է։ Եւ իսկապես, մամուլի, լրատվամիջոցների վերլուծությունների արդյունքում բազմից երեւան է եկել այդ կառույցի մեղմ ասած ոչ հավաստի աշխատանքը։ Ինչեւէ, մեր խնդիրն այս կառույցի էության բարձրաձայնումը չէ, հատկապես, որ Հայաստանում միջին վիճակագրան քաղաքացին վաղուց արդեն իշխանության ներկայացրած որեւէ վիճակագրության, որեւէ ցուցանիշի, որոնք վագրային թռիչքների տեսքով են արտացոլվում, չի հավատում։ Չի հավատում, քանի որ ՀՀԿ-ի Հայաստանից անդին մենք բոլորովին ուրիշ Հայաստան ունենք։ Սա, հիշեցնում ենք, որպեսզի հետո հասկանալի դառնա, թե ուր է հասել մեր ընդդիմությունը, որը կարող է ոչ միայն հավատալ այս կառույցին, այլեւ կողմ քվեարկել ԱՎԾ-ի մասին նախագծին։ Տնտեսական հանձնաժողովում քննարկման ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների փաթեթում ներառված էր նաեւ ԱՎԾ-ի մասին նոր օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։ Նա թղթից արագ ընթերցեց, թե ինչու են պետք օրենքում փոփոխությունները։ Դրանք պայմանավորված են 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ՝ հստակեցվել է Ազգային վիճակագրության ծառայության տեղը պետական իշխանության մարմինների համակարգում:

Նախագծով սահմանվել է, որ Ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով: Ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողը եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը:

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է Ծառայության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդի անդամների նշանակման կարգը: Հաշվի առնելով Ծառայության տեղը պետական մարմինների համակարգում՝ Ծառայության նախագահին եւ Պետական խորհուրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով: Վերանայվել են նրանց լիազորությունները, պաշտոնից վաղաժամկետ ազատման հիմքերը, սահմանափակվել է պաշտոնում անընդմեջ նշանակվելու քանակը, մասնավորապես՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ծառայության նախագահի կամ Պետական խորհուրդի անդամի պաշտոնում: Մանրամասն կարգավորվել են Պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման եւ որոշումների կայացման ընթացակարգերը:

Ասաց, որ նախագծով նախատեսված կարեւոր նորամուծություններից է հանդիսանում պաշտոնական վիճակագորության օգտագործողների խորհրդատվական մարմինների ձեւավորումը: Նախագծով լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ շահերի բախում է առաջանում, ծառայությունը կորցնելու է իր անկախությունը, քանի որ ի վերջո կառավարությունն է լինելու վիճակագրության պատվիրատուն, սակայն ծառայության պետը նշանակվելու է վարչապետի առաջարկությամբ։ Ստեփան Մնացականյանն ի խորոց սրտի ցավ հայտնեց, որ կառավարման նոր մոդելի պարագայում նվազեցվել են նախագահի լիազորությունները եւ ԱՎԾ պետին այսուհետ նշանակելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Միջամտեց Խոսրով Հարությունյանը՝ ասելով, որ պետք չէ ցավ հայտնել, քանի որ նոր մոդելի ենք անցնում եւ վարչապետն է ըստ էության լինելու գործադիրի ղեկավարը։ Սերգեյ Բագրատյանը փորձեց պարզել, թե ինչ չափորոշիչներով է տասնյակ թեկնածուներից ընտրվելու պետը, եթե բոլորն էլ համապատասխանեն պետի համար ներկայացված չափորոշիչներին, սակայն ԱՎԾ գործող պետը այդ հարցի պատասխանը չուներ։ Բագրատյանին անկեղծորեն հետաքրքրում էր նաեւ, թե ինչ սկզբունքներով են ԱՎԾ-ում հաշվարկներն անում, նա ասաց, որ երկար ժամանակ այդ մասին ինքը մտածել է, բայց պատասխանը չի գտել, որովհետեւ եթե հարցումներով են անում, ապա ըստ Բագրատյանի դրանք հիմնավոր չեն կարող լինել․«Օրինակ ոնց եք իմանամ տվյալ տարում Վայոց Ձորի մարզում քանի տոննա խնձորի բերք է եղել»,- նա բերեց գյուղի իր հարեւանի օրինակը․«Օրինակ հարեւանիս հարցնում եմ, թե քանի տոննա խնձոր է քաղել, ասում է՝ տասը, բայց հետո պարզվում է, որ 50 տոննա է »։

ԱՎԾ պետը այս հարցին էլ պատասխան չտվեց։ Ի հեճուկս Ծառուկյան խմբակցության պատգամավորների՝ Ելք դաշինքի անդամ Արամ Սարգսյանը գովերգեց Ստեփան Մնացականյանին՝ որպես գիտնականի եւ ասաց, որ ինքը չի տեսել մի օրենք, որն այսպիսի մանրակրկիտությամբ գրված լինի, Արամ Սարգսյանն ասաց, որ կողմ է քվեարկելու։ Ծառուկյան խմբակցությունից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք վերապահումով են կողմ քվեարկելու, որովհետեւ բարձրացված հարցերին եթե պատշաճ լուծումներ չտրվեն, իրենք հաստատ դեմ կլինեն։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: