Ռուսաստանի հետ «ուս-ուսի» տված մինչև անդու՞նդ

Feb 25, 2018 Comments Off on Ռուսաստանի հետ «ուս-ուսի» տված մինչև անդու՞նդ

2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը: Ըստ Transparency International-ի՝ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2017թ. արժեքն է 35 և նա Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը:

Նախորդ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը:

Transparency International-ի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները, բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016թ. նա զբաղեցնում էր 10-րդ տեղը):

Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017թ. համաթիվը հավասար է 56-ի (2016թ. 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով), որը դարձյալ ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, և Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2017թ. նույնպես ունեցել է բարելավում (2016թ. 40-ից մինչև 44 2017թ.` կամ աճ 4 միավորով):

Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի:

Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից:

Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղըզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր): [1] Հարկ է նշել, որ 2017թ. դասակարգման աղյուսակում հայտնված 4 նոր երկրներից 3-ի ԿԸՀ արժեքները գերազանցում են Հայաստանի 2017 թվականի ԿԸՀ արժեքին:

Այսպես, Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցնում: Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է: Հայաստանը բարելավել է իր համաթիվը 33-ից՝ 35-ի, և բարձրացել է երկրների ցանկում 113-ից 107 տեղը:

Թվում է, թե դա փոքրիկ առաջընթաց է, սակայն պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ՝ այդ նվազ բարելավմամբ հանդերձ Հայաստանը շարունակում է մնալ որպես կոռումպացված երկիր:

Ու դա բնական է, քանի որ «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվածը մեզանում ընդամենը իմիտացիայի դաշտում գտնվող երևույթ է, առայժմ:

Մենք չենք արձանագրում էական արդյունքներ, ու սա հայտնի է բոլորին: Բազմիցս է ասվել, որ Հայաստանում կոռուպցիայի խնդիրն արդեն սպառնում է մեր պետության ազգային անվտանգությանը:

Ու սա էլ է բնական, քանի որ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ «ուս-ուսի» տված մնում է նույն կոռումպացված մակարդակում: Դա է պատճառը, որ մեզանում մտավախություններ ու մտահոգություններ են հնչում այն մասին, որ Հայաստանը սպասարկելով առավելապես ռուսական շահը, հույսը դնելով ռուսական կապիտալի վրա՝ շարունակում է մնալ ռուսական «զարգացման» մակարդակում:

Իսկ ռուսական «թակարդում» չմնալու համար հարկավոր է համակարգային փոփոխություններ իրականացնել՝ կառավարման որակից մինչև բոլոր ոլորտներում իրապես ազատականացում, մենաշնորհների ու օլիգարխների բացառում:

Ինչու՞ են լքում Հայաստանը՝ ՀՀ քաղաքացիները… Պատասխանը շատ պարզ է՝ նաև հավատ չունենալով երկրի զարգացման հարցում:

Ինչու՞ են հաճախ ոմանք էլ մեզանում այդքան ատում Վրաստանը, ինչպես Ռուսաստանում… Որովհետև ի տարբերություն մեր երկրի՝ հարևան Վրաստանն իր 56 համաթվով ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, կարողացել է նշանակալի պայքար տանել կոռուպցիայի դեմ, որոշակի արդյունքի է հասել, իսկ դա հոգեհարազատ չէ մեր ու ռուսների «բարքերին»:

Ինչու՞ պետք է Հայաստանն իր հարևանից այսքան հետ մնա, ինչու՞ չենք կարող մենք էլ հավասարվել հարևան Վրաստանին…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: