ԱՄՆ-ի կարևոր մեսիջը Հայաստանին

Feb 25, 2018 Comments Off on ԱՄՆ-ի կարևոր մեսիջը Հայաստանին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն օրերս հյուրընկալվել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ դեսպանը ռազմական համալսարանի ղեկավար կազմին, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներին ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները:

Դեսպան Միլսը կարևորել է հանդիպումը և նշել, որ այն կօգնի Հայաստանի ներկա և ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Այնուհետև նա ասել է. «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ և ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Քննարկման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների թեմայով:

Ռիչարդ Միլսի արտահայտած հետևյալ միտքը, թե ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր, իրականում, բավական ուշագրավ է:

Հայաստանը, որպես տարածաշրջանային խաղացող՝ նախաձեռնողական քաղաքականությամբ, այսպես ասած՝ չի փայլում: Վաշինգտոնն էլ Թրամփի պաշտոնավարումից հետո, չի կարելի է ասել, թե առանձնապես խորը հետաքրքրություն էր ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ:

Սակայն, նկատելի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից որոշակի հետաքրքրվածություն կա Հարվային Կովկասի նկատմամբ, վերջերս տարածաշրջան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:

Այսինքն, Թրամփի ընտրությունից հետո, կարելի է ասել, որ վերջին շրջանում հետաքրքրության մեծացման միտում նկատվում է:

Իսկ ինչ վերաբերվում է Ռիչարդ Միլսի հայտարարությանը, ապա այն ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ ուղերձ այն մասին, թե որքան Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում կայունության հարցում, ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության առաջ քաշված նպատակներին համահունչ:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը կարևոր ուղերձով է հանդես եկել, որ՝ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հարցում ԱՄՆ-ի հետ ընդհանուր շահեր կան:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: