Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի «շաբլոնից» դուրս

Feb 25, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի «շաբլոնից» դուրս

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը շարունակելու է հանդիպումները նաև ընտրվելուց հետո:

«Այս պահին հետաքրքրությունս այնքան մեծ է, որ եթե չընտրվեմ էլ, կուզեմ շարունակել, որ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք»,- նշել է Սարգսյանը: Նախագահի թեկնածուի խոսքով՝ ինքը լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Բայց երբ ՀՀ նախագահի թեկնածու ես, հանդիպում ես մարդկանց, միանգամայն այլ մոտեցում կա թե՛ մարդկանց կողմից, թե՛ քո: Մարդիկ ավելի բաց են շփվում, իրենց սպասելիքներն են ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, նրանից սպասելիքներ պետք չէ ունենալ: Կա մյուս ծայրահեղությունը, որ ՀՀ նախագահն ամեն ինչ կարող է: Իրականությունը երկուսի մեջտեղում է»:

Թեպետ Հայաստանի նոր Սահմանադրությամբ նախագահը վարչական մեծ լծակներ չունի, բայց Արմեն Սարգսյանը գտնում է, որ մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա. « Ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը, խորհրդարանական նոր նախագահի մշակույթ ստեղծել»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով Երևանի ավագանիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, որի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկեցին, Արմեն Սարգսյանը կարծիք է հայտնել, որ սա միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է պետության, ազգի իմիջին: «Ինձ համար որևէ տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է երկխոսության բացակայությունը, որը փոխարինվում է ուժով: Անընդունելի է, որ այդ երևույթի մեջ ներգրավված են տղամարդիկ ու կանայք: Ես չեմ կարող արդարացնել նման երևույթը, որը ուժի կիրառման ձև է: Կոչ եմ անում բոլորին քաղաքակիրթ կերպով երկխոսություն սկսել: Բոլորին է կոչս ուղղված՝ նրանց, ովքեր իշխանության մեջ են, նրանք, ովքեր ընդդիմության մեջ են»,- ասել է նա։

Արմեն Սարգսյանը ուշագրավ դիտարկում է կատարել նաև երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի առնչությամբ. «Խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ, այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու կիրակի օրը, սակայն հրապարակված համառոտ տարբերակում 3 կարևոր մեսիջ Արմեն Սարգսյանն արդեն հնչեցրել է. նախագահի նոր կերպարի ձևավորում, բռնություն և քաղբանտարկյալ երևույթների բացառում: Հատկապես նախագահի նոր կերպարի ձևավորման խնդիրը իրավամբ քաղաքական արդիականություն ունի: Ստացվել է այնպես, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պաշտոնավարման շրջանում կերպարի շեշտակի վարկաբեկում են ապրել, և դրանից թե՛ իրենք՝ նախագահները, թե՛ նախագահի ինստիտուտը լրջորեն տուժել են: Այդ վարկաբեկման պատճառներից գլխավորը թերևս եղել է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահներ, ունեցել են կառավարման շատ մեծ լծակներ, և հասարակությունը բոլոր խնդիրների համար՝ սկսած չլուծված սովորական կենցաղային պրոբլեմից, համատիրության և աղբահանության անորակ աշխատանքից, մինչև գլոբալ ազգային խնդիրներ՝ Ղարաբաղի հարց ու լեգիտիմ ընտրություններ, մեղադրել է երկրի նախագահին: Նման մոտեցման հիմքում անշուշտ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններ:

Արմեն Սարգսյանը, սակայն, չի ունենալու իր նախորդների լայն լիազորությունները, և դա նպաստավոր նախադրյալ է՝ նախագահի ավելի լավ կամ չվարկաբեկված կերպար կերտելու համար: Որքանով կհաջղովի դա անել՝ ցույց կտա ժամանակը: Այս համատեքստում քաղբանտարկյալնների ու բռնության թեմայի արծարծումը պատահական չէ: Ընդ որում, Արմեն Սարգսյանը խուսափել է իշխանության կողմից այս հարցերին տրվող ստանդարտ պատասխանից, օրինակ՝ նա չի հայտարարել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Հակառակը՝ համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննվի: Արմեն Սարգսյանի պատկերացրած նախագահի նոր կերպարը այս իմաստով նոր շաբլոն է ենթադրում, որի շրջանակներում նախորդ նախագահները չեն տեղավորվում:

 

Կարինե  Սարիբեկյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: