Ես չեմ տեսել, որ որևէ միջազգային կազմակերպություն հայտարարի, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա. Արմեն Սարգսյան

Feb 22, 2018 Comments Off on Ես չեմ տեսել, որ որևէ միջազգային կազմակերպություն հայտարարի, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա. Արմեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.

– Ձեր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալ կա՞: Մարդ, որը իր քաղաքական ակտիվության համար կարող է հայտնվել բանտում, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

– Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աև անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ և՛ քննչական, և՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: