Ֆլեշի Բարսեղին գծերից գցե՞լ են

Feb 25, 2018 Comments Off on Ֆլեշի Բարսեղին գծերից գցե՞լ են

Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ամենամյա սուբսիդիաների ծրագիրը, որի շրջանակում գյուղացիական տնտեսություններին հատկացվում է մատչելի պարարտանյութ և սերմացու: Այս տարվա ծրագրում կատրավել է մատակարարների փոփոխություն: Տարիներ շարունակ այս ծրագրերով պետական բլուջեից, առանց մրցույթի, գումար էր հատկացվում երկու ընկերության, որի դիմաց վերջիններս ներկրում էին սերմացու և պարտանյութ ու համեմատաբար մատչելի գներով վաճառում գյուղացիներին:

Վերջին առնվազն 5-6 տարիներին պետական այս արտոնյալ ծրագրի եզակի շահառուները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ընկերություններն էին: Այս տարի, սակայն, պարարտանյութ մատակարարը փոխվել է: Կառավարության փետրվարի 22-ի նիստում, ընդունված որոշմամբ, «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում 285 մլն դրամ սուբսիդիա է տրամադրվելու ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ին: Ընկերությունը պարտավորվում է այդ գումարով 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով 3000 տոննա պարարտանյութ մատկարարել: Համաձայն կառավարության որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացումն ապահովելու համար կատարվել է մրցակցային ընտրություն և որոշվել, որ նախատեսված քանակության պարարտանյութի ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել է առանց բյուջետային վարկի իրականացնել նշված ռուսական կազմակերպությունը: Պարարտանյութերը մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին պետբյուջեից կհատկացվի 18 մլն 750.000 դրամ դրամաշնորհ:

Համայնքներում սուբսիդիայի չափը 1 պարկի համար կազմում է. ֆոսֆորական պարարտանյութինը՝ 6000 դրամ (1300 դրամ – 6000 դրամ) = 7000 դրամ, կալիումական պարարտանյութինը՝ 3500 դրամ (10500 դրամ – 3500 դրամ) = 7000 դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ն զբաղվելու է նաև արտերկրից սերմացու ձեռքբերելու և ներկրելու գործով:
2018 թ. գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով՝ այս ՊՈԱԿ-ը «Սերմերի գործակալության» նպատակային հաշիվներից օգտագործելու է 747 մլն դրամ, որից 721 մլն դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերելու նպատակով, իսկ մինչև 25 մլն դրամը` բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար:

Փաստորեն, կառավարությունը սերմացուների ներկրման հարցում ևս փոխել է մոտեցումը, հրաժարվել է մասնավոր ընկերությունների հետ համագործակցելու ավանդույթից և որոշել է այդ գործը վստահել պետական և այս ոլորտում մասնագիտացված ընկերությանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին», որն ավանդաբար, դարձյալ առանց մրցույթի, վերապահվում էր «Ֆլեշ» ընկերությանը: Այս տարի, սակայն, մինչև 6.000.000 լիտր դիզելային վառելիքի համար նախատեսված 360 մլն դրամ կհատկացվի իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Թե ով է կամ ովքեր են այդ հաղթողները, որոշման մեջ չի նշվում:

Փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանը այնուամենայնիվ փոխել է խաղի կանոնները. ստացվում է, որ նրան հաջողվել է ինչ-որ կերպ «գծերից գցել» Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին, որին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը այս ծրագիրը տարիներ շարունակ «բրոնյա» էր արել: Տեսականորեն իհարկե չի բացառվում, որ դիզվառելիքի մատակարարման մրցույթում հաղթող  ճանաչվի նույն «Ֆլեշ» ընկերությունը, բայց ամեն դեպքում, փաստն ինքնին, որ գոնե մրցույթ է հայտարարվել, արդեն իսկ առաջընթաց է: Ի դեպ, մամուլի հրապարակումներում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ընկերությունները, որոնք տարիներ շարունակ գյուղատնտեսական սուբսիդիաներով սերմացու և պարարտանյութ էին մատակարարում,  նույնպես կապվում էին Բարսեղ Բեգլարյանի անվան հետ:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: