Մենք պետք է լուրջ ընդունենք պատերազմի սպառնալիքը ու պատրաստ լինենք դրան

Feb 23, 2018 Comments Off on Մենք պետք է լուրջ ընդունենք պատերազմի սպառնալիքը ու պատրաստ լինենք դրան

Ադրբեջանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հաճախակիացել են այդ երկրի իշխանությունների կողմից սպառնալիքներն առ այն, որ Ադրբեջանը կգրավի Երեւանն ու Զանգեզուրը, քանի որ դրանք էլ իր պատմական տարածքներն են: Սրան զուգահեռ լայնամասշատ ռազմական գործողություններ սկսելու ահազանգեր են հնչում: Ազատամարտիկներ դաշինքի անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունների պատասխանը պետք է լինի տնտեսության զարգացումը, այլ ոչ թե <<տղայականով>> պատասխանը: Նա հիշեցնում է, որ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության ժամանակ հակառակորդի կողմից նման հայտարարություններ լսելն անհնար էր, հակառակը մենք էինք պատերազմով վախեցնում մեր հարեւաններին.<<Իսկ հիմա մարդը բացեիբաց պատերազմի սպառնալիքներ է հնչեցնում, իսկ մեր ԱԳՆ-ն չգիտես ինչով է զբաղված>>,- նկատում է Պետրոսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մյունխենում Ադրբեջանին հասցեագրված ելույթին, Ռազմիկ Պետրոսյանն ասում է, որ չպետք է մեր պատասխանը լինի <<տղայականով>>.<<Մեր պատասխանը պետք է լինի տնտեսության զարգացումը, օլիգարխիայի, արատավոր երեույթների վերացումը, բանակը հզորացնելը, արտագաղթը կասեցնելը, սա է համարժեք պատասխանը: Այսօր մամուլն ահազանգում է Նախիջեւանում զինված խմբավորումների կուտակումների մասին, սրանք պետք է ահազանգ լինեն՝ համախմբվելու, միավորվելու>>: Ռազմիկ Պպետրոսյանի խոսքով՝ այսօր ընդդիմության բացակայության պատճառով է, որ իշխանությունը ինչ ուզում, անում է.<<Կառավարությունն իրիկունը քնում , առավոտը օրենք է հանում եւ առաջին օգտագործման ապրանքների գները թանկանում են>>:

Այդուհանդերձ, Պետրոսյանը չի բացառում, որ Ալեւի վարչակազմի կողմից նման հայտարարությունները կարող են զուտ քարոզչական նպատակ հետապնդել արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին, սակայն հաշվի առնելով, որ եթե Ադրբեջանում ներքին վստահություն չլիներ, արտահերթ ընտրությունները չէին կայանա, ուրեմն կարելի է եզրակացնել, որ ներքին սպառման համար այդ հայտարարությունները պետք չեն.<<Ապրիլյան քառօրյան մեզ համար պետք է դաս լինի, ամեն ինչը քաղաքական հողի տակ չպետք է թաղենք, ոչ, մենք սա պետք է լուրջ ընդունենք ու պատրաստ լինենք, քանի պատերազմին պատրաստ լինեն, այնքան ճիշտ հաղթանակներ կունենանք>>:

Հիշեցնենք, որ Մյունխենում Սերժ Սարգսյանը անդրադառնալով Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին ասել է.<<Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: