Իշխանության սպառնալիքն իր արդյունքը տվեց

Feb 25, 2018 Comments Off on Իշխանության սպառնալիքն իր արդյունքը տվեց

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում  նորից քննարկման էր ներկայացվել Ծառուկյան խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգին: Շատերին զարմանք կպատճառի, քանի որ ԲՀԿ-ն ոչ վաղ անցյալում 4+4+4 ֆորմատով մասնակցում էր ԸՕ ձեւավորման քննարկումներին, որն  ընդունվեց քաղաքական ուժերի լայն համաձայնությամբ:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ հիշեցրեց՝ ժամանակին այդ Ընտրական օրենսգրքին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել եւ այն ընդունվել է կոնսենսուսով. «Եղել են մի քանի պահանջներ, որոշ պահանջներ քաղաքական կոնսենսուսի ժամանակ ընդունվել են, որոշ պահանջներ՝ ոչ: Ես հասկանում եմ տիկին Զոհրաբյանի փաստարկը, հետո համոզվել են, որ ռեյտինգայինի անհրաժեշտությունը չկա, բայց քաղաքական մեծ կոնսենսուսով կայացված որոշումը չենք կարող այստեղ միանգամից փոխել»: Նա առաջարկեց հանձնաժողովին տալ բացասական եզրակացություն: Զոհրաբյանն էլ հակադարձեց, որ դա քաղաքական կոնսենսուս է եղել ՝ փոխզիջումային տարբերակ : Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2017 թ․ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: «Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համակարգն ամբողջությամբ ընտրողի համար դարձավ անհասկանալի եւ բարդ: Ուստի` նման ընտրական համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քաղաքական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է որպես ռեսուրսների պայքար»:

Թվում էր, թե այս հարցում խորհրդարանում պետք է կոնսենսուս ձեւավորվի, քանի որ անցած շաբաթ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, որն իսկզբանե առաջարկում էր ռեյտինգային ընտրակարգի այն տարբերակը, որ Հայաստանը դիտարկվի մեկ ընդհանուր մարզ, սակայն այդ կոնսենսուսը չկայացավ: Հանձնաժողովում քննարկումը հանգուցալուծվեց նրանով, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ու ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանը դեմ քվեարկեցին, նախագծին կողմ էին Ելք եւ Ծառուկյան խմբակցությունների պատգամավորները:

Հիմա մնում է հասկանալ՝ սա արդյոք խմբակցության, եթե ավելի լայն՝ կուսակցության դիրքորոշումն է, թե բացառապես Անդրանիկ Կարապետյանի: Խնդիրն այն է, որ անցած շաբաթվա նախահարձակ հայտարարություններից հետո քիչ հավանական է, որ ՀՅԴ-ն մատների արանքով նայեր այս հարցին եւ թույլ տար, որ իր խմբակցության պատգամավորն էլ բնազդաբար կողմ քվեարկեր ՀՀԿ-ականների հետ:  Ամենայն հավանականությամբ  կոալիցիոն գործընկերներին իշխող մեծամասնությունը իրենց սեփական տեղն է ցույց տվել՝ մահ կամ իշխանություն վերջին ժամանակների հոգեհարազատ լոզունգի ներքո:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: