Տարիքային բախում և հակամարտություն. ինչո՞ւ են 35-55 տարեկաններն ընդամենը 6 տոկոս. բուռն քննարկում բարձրագույն կրթության օրինագծի շուրջ

Feb 23, 2018 Comments Off on Տարիքային բախում և հակամարտություն. ինչո՞ւ են 35-55 տարեկաններն ընդամենը 6 տոկոս. բուռն քննարկում բարձրագույն կրթության օրինագծի շուրջ

 

 

Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, ինչպես խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ոլորտում արմատական փոփոխությունների նպատակ ունի: Նախագծի մշակումը տևել է 2.5-3 տարի, մասնագիտական շրջանակներից բացի, նաև միջազգային փորձագետներն են աշխատել դրա վրա:

«Ի՞նչ խնդիրներ է լուծելու այդ օրենքը: Եթե այդ օրենքով հասարակությանը փորձելու ենք համոզել, որ ոլորտի բոլոր հիմնախնդիրները լուծվելու են, բնականաբար, դա ճանապարհ չէ: Օրենքը նախ և առաջ պետք է չխոչընդոտի զարգացմանը: Երկրորդ՝ պետք է նպաստի զարգացմանը»,- կարծում է նախարարը:

Նա մանրամասնել է, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր բարձրագույն կրթության համակարգը. Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում այսօր ընդգրկված է բնակչության 51 տոկոսը, որը համազոր է Եվրոպական ցուցանիշի ստորին սանդղակին: Հայաստանի բարձրագույն կրթական ոլորտն ամբողջությամբ տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի մեկ ֆակուլտետը միայն: «Եվ այս պայմաններում համեմատության մեջ մեր կրթական համակարգն ընդհանուր առմամբ կատարում է իր առջև դրված խնդիրը: Բայց խնդիրն այն է, որ աշխարհում ընթացող արագ փոփոխություններն ամենամեծ մարտահրավերը դնում են բարձրագույն կրթության վրա: Մասնագիտությունները, որոնք այսօր մեզ համար սովորական են և դասավանդվում են, դրանցից շատերը կարող են 4-5 տարի հետո այլևս գոյություն չունենալ: Մենք չգիտենք, թե աշխարհում 4-5 տարի հետո ինչ հիմնական զարգացումներ են տեղի ունենալու: Եվ կրթական համակարգը պետք է կարողանա դիմագրավել հետագա մարտահրավերներին: Սա նշանակում է, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է նաև երկարաժամկետ կտրվածքով դիտարկել»,- նշել է Մկրտչյանը:

Նախագծի հետ կապված հիմնական քննադատություններից մեկը բուհերի վարչական պաշտոններում 70 տարեկանից բարձր տարիքի անձանց աշխատելու սահմանափակումն է. «Խնդիրներն այնքան խորն են, և պատասխանատվությունը այնքան բարձր է, որ ես կոչ եմ անում բոլորին անհատական, անձնային, ծանոթական  համակարգից մի քիչ վեր կանգնել և դիտարկել կրթական համակարգի ու գիտության ապագան 5 տարի հետոյի կտրվածքով: Եթե մի երկրում գիտության մեջ ներգրավվածների 35-55 տարիքի անձանց թիվը, որոնք համակարգի ապագան են, 6 տոկոս է, իսկ 65 տարեկանից բարձրերի թիվը 36 տոկոս է, այդտեղ մենք խնդիր ունենք: Այսինքն՝ շարունակականությունն ու փոխանցելիությունն սկսում է խզվել: Համակարգի բոլոր կորերը, որ 7-8 տարի առաջ հիմնականում  գտնվում էին 65 տարեկանի տիրույթում, այսօր տեղափոխվել են 75 տարեկանի տիրույթ: Գիտության և կրթության համակարգում երբեք չի կարելի թույլ տալ տաիրքների բախում և հակամարտություն. դա վտանգավոր է հասարակության համար: Ավագ սերունդը պարտավոր է ապահովել իր մասնագիտության շարունակականությունը: Եթե համալսարանական ամբիոնների 30 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են ղեկավարում, և մարդը, ով արդեն դառնում է 45 տարեկան և այլևս երիտասարդ չէ, հասկանում է, որ ինքն այլևս որևէ շանս չունի լաբորատորիայի կամ ամբիոնի վարիչ դառնալու, նա իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ է ներդնում: Եվ հաճախ ներդնում են Հայաստանից դուրս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանից հեռացած 35-55 տարեկան մասնագետների վիճակագրությունը շատ մտահոգիչ է:

Նախարարը առաջարկել է լսումներին ներկա գիտնականներին ու դասախոսներին պատասխան տալ հարցին, թե ինչու 20-30 տարի լինելով ամբիոնի վարիչ՝ չեն դաստիարակել իրենց փոխարինող սերունդ: «Ես կոչ եմ անում խորհրդարանական բոլոր ուժերին պատասխանատվությամբ նայել այս իրավիճակին. աշխարհում շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն և ապրում են՝ զարգացնելով սպասարկման ոլորտը: Ես կարծում եմ՝ մենք չենք կարող նման բան թույլ տալ, որովհետև չենք կարողանալու հետագա սերունդներին պատասխանել, թե ինչու կորցրեցինք 70-80 տարի կուտակված գիտական հզոր պոտենցիալը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ քննարկման ներկայացված Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը սերունդների հաջորդականությունն ապահովելու հնարավորություն է ստեղծում:

ԿԳ նախարարը խոսել է նաև բարձրագույն կրթության համակարգի կառավարման մոդելի փոփոխություններից, որտեղ նախագծով երկու հիմնական սկզբունք է առաջարկվում. «Առաջին հիմնական խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դիտարկենք իբրև մեկ գիտակրթական տարածք և բացենք մեր հաստատությունների դռները ուսանողների և դասախոսների շարժունության համար: Ուսանողը պետք է կարողանա հավաքել իր կրեդիտները՝ ազատ շրջագայելով ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլ գիտական ինստիտուտներում և բիզնես ընկերություններում: Բուհ-գիտություն-բիզնես եռանկյունին հավասարաչափ իրավունքներով իրավաբանական անձի կարգավիճակը պահպանող ազատ հաստատությունների ազատ համագործակցություն է: Այս կոնցեպցիան՝ որպես սկզբունք, դրված է օրենքի նախագծում և նպատակ ունի ապահովել ուսանողակենտրոն քաղաքականություն: Մենք պարտավոր ենք ապահովել ուսանողների ազատ տեղաշարժը. լինելով փոքր երկիր՝ իրավունք չունենք ասելու, որ այս բուհի լաբորատորիան միայն տվյալ բուհի ուսանողի համար է նախատեսված: Սա օպտիմալ մոտեցում չէ անգամ ծախսերի տեսանկյունից: Մենք չենք կարող այս փոքր երկրի համար մի քանի միանման թանկարժեք լաբորիատորիա ձեռք բերել՝ դրա իմաստը չկա: Դրա համար մեր առաջարկությունը հետևյալն է՝ բարձրացնել համալսարանական անկախությունը՝ հնարավորինս բեռնաթափելով բյուրոկրատական հատվածը: Այստեղ մենք պատրաստ ենք լսել և ընդունել նաև Ազգային ժողովի առաջարկները, որպեսզի բուհերը ստանան մաքսիմում անկախություն: Բայց այդ անկախությունը նրանք միայն պետությունից չէ, որ պետք է ստանան, այս անխախությունը պետք է իջեցվի միչև ֆակուլտետի և ամբիոնի մակարդակ: Այսինքն՝ կառավարման համակարգը պիտի փոխվի նաև բուհերի ներսում:

Մեր առաջարկած նոր մոդելի հիմքում դրված է կրեդիտներ հավաքելու սկզբունքը, որը կարող է ուսանողի կողմից կատարվել բարձրագույան կրթության երեք աստիճաններում՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ համաձայն իր իսկ կողմից կազմված գրաֆիկի: Այս հարցի հետ կապված եղել են քննադատություններ. խնդիրը հետևյալն է՝ կա տարվա համար նախատեսված նվազագույն և առավելագույն կրեդիտների քանակ: Բակալավրիական կրթության դեպքում այդ կրեդիտները ուսանողը full time ուսուցման համակարգում կարող է հավաքել 4-6 տարվա ընթացքում կամ քարտային կրթության համակարգի դեպքում մինչև 8 տարվա ընթացքում. ուսանողն այս ընթացքում կարող է աշխատել և միաժամանկ սովորել: Այս մեխանիզմը ենթադրում է նաև վճարման համակարգի փոփոխություն, քանի որ այս դեպքում պետք է գնահատել յուրաքանչյուր մոդուլի և կրեդիտի արժեքը: Եթե ուսանողը կորոշի, որ ինքը պետք է ուսումն ավարտի, օրինակ, 6 տարվա ընթացքում,նա նաև կկարողանա հաշվարկել, թե որքան պետք է վճարի տարվա կտրվածքով: Ամենակարևորը՝ հիմնավորապես հրաժարվելու ենք վերաքննությունների ներկա համակարգից. եթե ուսանողը չի հանձնել որևէ քնանություն, նա այդ առարկայի մոդուլը կարող է ստանալ հաջորդ տարի: Մյուս կարևոր փոփոխությունը կրթության նոր աստիճանի՝ նախաբակալավրիաիտի ներմուծումն է, որը կա բազմաթիվ երկրներում: Այն հնարավորություն է ընձեռում սովորողին ստանալ մասնագիտական բակալավրիատ, որն ենթադրում է միջին մասնագիտական կրթություն, գումարած մեկից մեկուկես տարվա բակալավրիական կրթություն՝ խորացված նախաբակալավրիատի մասնագիտացմամբ: Փոփոխություն է կատարվել նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, որտեղ կա  կրթական և գիտական հատված»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծով բալանսավորվել է նաև ռեկտոր – համալսարանական խորհուրդ – գիտական խորհուրդ եռանկյունու գործունեությունը՝ հակակշիռների մեխանիզմների ստեղծմամբ: Գիտական խորհուրդը հիմնականում ակադեմիական հատվածի պատասխանատուն է, համալսարանական խորհուրդը իսկապես մարմին է, որը զբաղված է բուհի զարգացման քաղաքականությամբ, բյուջեով, ընթացիկ և գլոբալ հարցերի լուծմամբ, և ռեկտորը, որին վերապահված է գործադիր իշխանությունը:

Ամփոփելով ասելիքը՝ նախարարը նշել է, որ նախագիծը խաղի նոր կանոններ է սահմանում բարձրագույն կրթության համակարգի համար:  « Շատ կարևոր են հատկապես անցումային դրույթները. այստեղ մենք ակնկալում ենք նաև ռեկտորների աջակցությունը՝ նկատի ունենալով, որ նախագծում կարող են լինել կիրառման տեսանկյունից ոչ այնքան իրատեսական, կյանքից կտրված դրույթներ, ակնկալում ենք առաջարկություններ, որոնք կներառվեն նախագծում»,- ասել է Լևոն Մկրտչյանը:

Քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, ինչպես նաև մարզպետները չեն կարող լինել կառավարման խորհրդի անդամ, սակայն նշվում է, որ խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Այս դրույթը, ինչպես նաև օրենքի հետ կապված մի շարք կետեր բուռն քննադատության են արժանացել: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հայտարարել է, որ նախագիծը գրված է շատ վատ հայերենով: Նա նաև անընդունելի է համարել այն դրույթը, որով գիտությունների թեկնածուները հռչակվելու են մասնագիտության դոկտոր:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: