Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նկատմամբ

Feb 21, 2018 Comments Off on Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում, ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, նշվում է, որ «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:

«2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի և կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում», – ըստ ադրբեջանական գործակալության՝ ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, մասնավորապես, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ են այցելում եվրոպացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, նրանցից շատերը հայտնվել են Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում»:

Աղբյուրը՝ Ազատություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: