Խոշոր չափերով «ափիոնը» տեղադրել են տորթի մեջ եւ փորձել անցկացնել «Գորիս» ՔԿՀ

Feb 21, 2018 Comments Off on Խոշոր չափերով «ափիոնը» տեղադրել են տորթի մեջ եւ փորձել անցկացնել «Գորիս» ՔԿՀ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ եւ ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:

Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որեւէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: