Աժ-ում կրքերը թեժանում են. Երբ կվերաբացվի մարտի 1-ի գործը

Feb 22, 2018 Comments Off on Աժ-ում կրքերը թեժանում են. Երբ կվերաբացվի մարտի 1-ի գործը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեցին Հանրապետական պատգամավորները, Ծառուկյան խմբակցությունից էլ երեք ձեռնպահ գրանցվեց։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծ, քանի որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին, իրենք ցանկանում են, որ ԱԺ-ն որպես քաղաքական մարմին հայտարարություն ընդունի, որն իր հերթին ազդակ կհանդիսանա գործը վերանայելու։ ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունը շատ ցավոտ է իրենց համար, ամոթալի է, բայց նախագիծը պետք է բացասական եզրակացություն ստանա․ «Ուզում եք՝ 200 հատ նախագիծ բերեք հայտարարության, հարյուր հատ հայտարարություն ընդունեք, քանի իրավական հիմքեր չկան այդ գործերը վերաբացվելու՝ չի լինելու»:

Կոստանյանը զարմանք հայտնեց՝ միթե Ելք-ում չկան իրավաբան պատգամավորներ, որոնք հուշեին Փաշինյանին, որ գործը վերաբացվում է այն դեպքում, երբ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Կոստանյանն ասաց, որ Փաշինյանի նախագիծը միայն քաղաքական բնույթ է կրում, զուրկ իրավական հիմնավորումից։

«Իրավակա՞ն եք ուզում խոսենք, խոսենք իրավական առումով»,- արձագանքեց Փաշինյանը շարունակելով․« 10 տարի նախաքննություն է գնում, մեղադրյալ ոստիկաններ կան, մարդ կա՝ 7-8 տարի մեղադրյալ է, ու ՀՀ դատական համակարգը չի ասում՝ վերջնական մեղավոր է, մեղավոր չի. «Ես իմ դատավճռի մասին ասեմ՝ հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ ես մարդկանց նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկել եւ մարդկանց մղել գործողությունների: Ես չեմ հասկանում՝ 6 տարի ԱԺ մեծամասնությանը նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկում, խի՞ չեն ազդվում, կարո՞ղ է պատվաստման են ենթարկվել, ամեն առավոտ նիստերից առաջ սրսկվում են եւ ոչ ոք չի ենթարկվում ազդեցությանը»:

Նա անցավ գործի հետ կապված դիտարկումներին. «Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ի՞նչ եք ասում, ա՛յ ձեր ցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր կան, ով է շնչել, արտաշնչել, նույնիսկ մկները չէին կարա…առանց տեսախցիկների, հարցաքննվե՞լ է այդ մարդը՝ պարոն գլխավոր դատախազ ոչ հեռավոր անցյալի ԱԱԾ-ն գիտե՞ք ինչքան է նկարել, ԱԱԾ-ին գնացե՞լ հարցրել եք՝ հլը բեր նկարածներդ: ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, ոչ: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք,ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները: Մարդուն պետական գաղտնիք բացահայտելու համար բացահայտել են, որ ինքը մամուլին տվել է, որ ՊՆ-ում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ է եղել, հարցաքննե՞լ եք, պարզե՞լ եք՝ այդ ինչ շտաբ է»: Ավելի վաղ Փաշինյանը բարձրաձայնել էր Մարտի մեկի դեպքերին զոհված ընտանիքների փոխհատուցման մասին։

Ի պատասխան Կոստանյանը հիշեցրել էր, որ Մարտի 1-ի հարազատները կարող էին օգտվել իրենց իրավունքներից․«2014 թվականից կա օրենք, ըստ որի՝ մարտի 1-ի հետևանքով զոհված անձի իրավահաջորդը, անկախ նրանից՝ քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար: Այդ հարցը կարգավորված է»:

Փաշինյանն ասաց. «Բա դուք գլխավոր դատախազ էիք, ընդունել եք Մարտի 1-ի զոհերի հարազատներին, բա ասում եք՝ դա մեր ցավն է, միջին վիճակագրական քաղաքացու չափ տառապում եք եւ այդ հարցով հետաքրքրված եք: Բա գլխավոր դատախազը, որը կողմ չի, քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդիր է հետապնդում, բա ինչի՞ չեք ասել՝ հարգելի հարազատներ, մեծամասնությունն ընդունում է, փոխհատուցում է, ի՞նչ եք ընդդիմադիրների խելքին ընկել: Այդ ընտանիքները ըստ էության չքավոր վիճակում են»:

Խոսելով փաստահավաք խմբի մասին՝ Կոստանյանն ասել էր, որ այն պետք է եզրակացություն տար եւ լուծարվեր, ուստի անօրինական չէ լուծարումը: Փաշինյանն ասաց, որ իր ձեռքի տակ է այդ փաստաթուղթը եւ նպատակները խմբի բոլորովին այլ են եղել եւ այդ նպատակների մեկ տոկոսն էլ չի կատարվել: Նշենք, որ հայտարարության 4-րդ կետով նշվում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել»:

Փաշինյանը նշեց, թե 4-րդ կետով արտահայտում են իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը: «Այո, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն իրավական կամքի դեպքում կարելի է ավելին անել: Այս առաջարկը ժեստ է ՀՀ-ին, էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ ՀՀ –ով գոռալու ենք՝ «վայ նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք պատժենք, խառակիրի անենք»,-ասաց նա և փորձեց անեկտոդ պատմել, ինչը հանձնաժողովների անդամների դժգոհության առիթը տվեց: Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը փորձեց կանխել նրան,Գևորգ Կոստանյանը ցուցադրաբար հեռացավ նիստերի սենյակից։ Փաշինյանի խոսքի ավարտից հետո Կոստանյանը վերադարձավ, բացատրելով, թե ինչու չլսեց նրա խոսքը: «Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետև այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը անեկդոտ պատմելով զուգորդելը, ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, հակադարձեց՝ հիշեցնելով, որ Մարտի մեկի գործով դատապարվել է 7 տարվա ազտազրկման և իր կարծիքով՝ մարտի 1-ն իր ամոթը չէ. «Պարո՛ն Կոստանյան, մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման և, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: