Մոսկվան խոստովանեց խայտառակությունը

Feb 22, 2018 Comments Off on Մոսկվան խոստովանեց խայտառակությունը

Պաշտոնական Մոսկվան երեկ պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ զոհվել են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կան նաև տասնյակ վիրավորներ՝ միաժամանակ ընդգծելով. «Նրանք ռուսական բանակի հետ կապ չեն ունեցել, բանակի տեխնիկական միջոցները գործի չեն դրվել»:

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան տասն օր է՝ արևմտյան և ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռուսական բանակը զգալի կորուստներ է տվել Սիրիայում փետրվարի 7-ին, երբ նախագահ Ասադի բանակն ու նրանց աջակցող ուժերը հարձակվել են քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը նախօրեին ասել էր. «Մենք ընդունում ենք ռուսական կողմի պնդումները, թե զոհերը բանակի հետ կապ չեն ունեցել, սակայն, չէ՞ որ նրանք ինչ-որ տեղից հրաման են ստացել: Դժվար է հավատալ, որ 257 մարդ սեփական նախաձեռնությամբ ու միահամուռ որոշել է հատել Եփրատն ու հարձակում սկսել տանկերի գործադրմամբ»:

Մոսկվան, այսպիսով, ընդունեց, որ «Սիրիայում կան տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ-ից»: ՌԴ Արտաքին գերատեսչության երեկվա հաղորդագրությամբ Մոսկվան առաջին անգամ է պաշտոնական մակարդակով ընդունում կորուստների փաստը:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը» այս թեմայի լուսաբանումը ռուսական մամուլում ուշագրավ զարգացում ունի: Նախ՝ բուն փաստի ժխտում, ապա խոստովանում, որ «այո, գուցե մի քանի զոհ կա, թերևս, մի 5 հոգի», հիմա երրորդ փուլն է, Մոսկվան ընդունում է, որ տասնյակ մարդիկ են տուժել, նկատել է տալիս, որ տուժել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև ԱՊՀ երկրների քաղաքացիներ, բայց ոչ մի զինծառայող չի մասնակցել փետրվարի 7-ի գործողությանը:

Սա Մոսկվայի դասական դիրքորոշումն է, որն արտահայտվում է մեկ տողով՝ «их там нет»: Մինչդեռ, փետրվարի 7-ին Դեր էլ-Զորի գավառի Հաշամ բնակավայրի մոտ իսկական մսաղաց էր:

Սիրիայի բանակի ստորաբաժանումը և իշխանամետ ջոկատները փորձել են հարձակվել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ միավորման կենտրոնակայանի վրա: Միավորումն ամերիկացիների աջակցությունն է վայելում: Նրանք էլ կապ են հաստատել ռուսների հետ և զգուշացրել, որ գրոհին պատասխան կտրվի ու տեղեկանալով, որ «այնտեղ չկան ռուսներ»՝ անմիջապես գործի են անցել: Հրետանային և հրթիռային հուժկու հարվածներով ջախջախել են առաջ շարժվող ջոկատը և ուղղաթիռներով ավարտին հասցրել հակահարվածը: Ընդ որում` ամերիկացիները գերադասել են չկենտրոնանալ հենց ռուսական գործոնի վրա, ասելով, որ ոչնչացրել են հարձակման փորձ կատարած հակառակորդին:

Ռուսների առաջին հաղորդագրությունում ասվել է, թե սիրիացի աշխարհազորայինները հարվածի տակ են հայտնվել ռուսական բանակի հետ գործողությունը չհամակարգելու հետևանքով, և տուժել է 25 մարդ:

Փետրվարի 14-ին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պետք չէ առաջնորդվել աղավաղված տեղեկություններով և խոսել Սիրիայում բազմաթիվ զոհերի մասին, իսկ հաջորդ օրը պնդել է, որ նախագահը բնավ չի արգելում միջադեպի լուսաբանումը կամ զոհերի թվի հրապարակումը: «Այն, ինչ կարող էինք ասել՝ ասել ենք, ավելացնելու բան չունենք», ասել էր Պեսկովը և հավելել. «Չի կարելի բացառել, որ Սիրիայի տարածքում կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, բայց նրանք զինված ուժերի հետ կապ չունեն, սակայն, իհարկե, նրանք բոլոր դեպքերում մեր քաղաքացիներն են մնում»:

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է անդրադարձել Հաշամի մոտ տեղի ունեցած բախմանը: «Մենք կարդում ենք լուրեր հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ռուսաստանցի վարձկանների զոհերի մասին, այդպես փորձ է արվում շահարկել Սիրիայի պատերազմի թեման, պատերազմ, որը, դժբախտաբար, շարունակվում է, դա անպարկեշտ փորձ է»,- ասել է Լավրովը «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում:

Եվ ահա երեկ Մոսկվան խոստովանել է, որ կան կորուստներ: Պաշտոնական թվեր չեն հրապարակվել: Ընդգծվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ծառայողները մարտին չեն մասնակցել: Խոսքն այսպես կոչված «ՉՎԿ Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիների մասին է: Այդ ընկերությունն ի պաշտոնե կապ չունի Ռուսաստանի պետական կառույցների հետ, սակայն ենթադրվում է, որ մասնավոր խողովակներով ֆինանսավորում է ստանում Կրեմլին մոտ կանգնած գործարարներից:

«Վագներ» ընկերությունն անցյալ տարվա ամռանը ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ չունի անհատական կարգով Սիրիա մեկնած մարդկանց գործողություններին իրավական գնահատական տալու լիազորություն: Վիրավորների մեծ մասը հիմա բուժում է ստանում Ռուսաստանի հոսպիտալներում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: