Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերերի կապիտալը Հայաստան չի գա.ՀԺ

Feb 21, 2018 Comments Off on Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերերի կապիտալը Հայաստան չի գա.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է.

Ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին վաճառել է «Մագնիտում» ունեցած իր 29 տոկոս փայաբաժինը մոտ 2.5 միլիարդ դոլարով: Այս տեղեկատվությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության եւ ԶԼՄ-ների շրջանում: Լուրը իրոք հետաքրքրիր է: Նախ Սերգեյ Գալիցկին հայ է՝ Հարությունյան ազգանունով, եւ միայն ամուսնանալուց հետո է վերցրել կնոջ ազգանունը: Երկրորդ՝ Գալիցկին ամենահարուստ ռուսաստանցիներից մեկն է. նրա կարողությունը «Ֆորբսը» գնահատել է 5.7 միլիարդ դոլար: Երրորդ. «Մագնիտը» ՌԴ մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցն է՝ ունի մոտ 13 հազար օբյեկտ:  Համաձայնեք, եթե Գալիցկին լիներ բելառուս, ղազախ կամ ճապոնացի, «Մագնիտի» փայամասի վաճառքի մասին լուրը մեզ ընդհանրապես չէր հետաքրքրի: Այսինքն վերը նշված ցանկի ամենակարեւոր կետը առաջինն է՝ որ Գալիցկին ազգությամբ հայ է: Եվ այս փաստը շատերի մեջ հույսեր է առաջացնում, որ ռուսաստանաբնակ հայերի կապիտալը կարող է գալ ՀՀ: Այս հույսերը կարծես ավելի իրական են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ ռուսաստանաբնակ մի քանի հայ միլիարդատերեր հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում: Այդպիսի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերից է նաեւ «Ռոսգոսստախ»-ի սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը: Նաեւ՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Որոշ գործարար շրջանակներում համոզմունք կա, որ իրենց կապիտալը ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար նշված անձինք ներդրումներ կանեն ՀՀ-ում: Որքանո՞վ են այդ հույսերը իրականանալի:

Կոնկրետ օրինակներով կարելի է պատասխանել այդ հարցերին: Ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերը կամ խուսափում են Հայաստանում ներդրումներ անելուց, կամ էլ եթե անում են, ապա դրանք, պատկերավոր ասած, կապ չունեն տնտեսության որակի ու մրցունակության բարձրացման հետ: Այդ ներդրումները ուղղված են միայն ու բացառապես ներքին շուկայում սպառվելու վրա: Գալիցկու «Մագնիտներից» Հայաստանում ընդհանրապես չբացվեց, Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» ընդամենն ապահովագրություն է իրականացնում, իսկ Սամվել Կարապետյանը մեկը մյուսի ետեւից միայն մոլեր է բացում: Այլ կերպ ասած, եթե նշված անձինք որոշեն, որ իրենց կապիտալը Հայաստանում ավելի ապահով է, նրանք «մտնելու» են այնպիսի ոլորտներ, որոնք չեն ենթադրում տեխնոլոգիական արտադրություն, արտահանելի մրցունակ ապրանքների արտադրություն: Ու քանի որ նրանց նախընտրած ոլորտները միայն ներքին շուկայում են սպառվելու, իսկ մեր ներքին շուկան չափազանց փոքր է, ուրեմն նրանց կապիտալը Հայաստան չի գալու:

Այլ մանրամասներ՝  «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: