Մեդալի հակառակ երեսը.Կճոյանի աշխարհիկ թագավորության պերճանքը

Feb 25, 2018 Comments Off on Մեդալի հակառակ երեսը.Կճոյանի աշխարհիկ թագավորության պերճանքը

Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել մի շարք հոգեւորականների:

Ուշագրավը թերեւս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգեւարտրումն էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Իսկ ծառայությունն այդ, ինչպես հայտնում է պաշտոնական լրահոսը, ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար է:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը այս հրամանագիրը ստորագրել է դեռեւս տարեվերջին: Շքանշանն այս պարտադրում է հիշել, թե իրականում ինչով է հայտնի Նավասարդ Կճոյանը եւ ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին:

Այսպիսով՝Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդն է։ Նրա անունը տարիներ ի վեր կապվում է տարբեր սկանդալային պատմությունների հետ։ Տարիներ առաջ նա թանկարժեք Bentley ավտոմեքենայով էր երթևեկում, ինչի պատճառով հանրությունում ստացել էր «Բենթլի Սամո» մականունը։ Քննադատություններին ի պատասպան՝ Կճոյանն ասել էր, թե ավտոմեքենան սանիկից է նվեր ստացել։ 2013թ․ հետաքննական նյութեր հրապարակվեցին Կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերությունում Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղտնի բաժնեմասերի մասին։ «Հետքը» պարզել էր, որ այս անձինք ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին։ Կճոյանը վերելք ապրեց տիգրանսարգսյանական վարչապետության տարիներին, բացի նրանից, որ պետական բոլոր միջոցառումները նրա մենաշնորհության տակ էին, հոգեւորականը ամենուր ուժերն էր փորձում նաեւ բիզնես ոլորտում: Տիգրան Սարգսյանը սրբազանին անգամ անվանական զենքով պարգևատրեց:Նրա համբավը տարածվել էր ամենուր, մի քանի անգամ հանրությունն անգամ ստորագրահավաք նախաձեռնեց՝ նրանք պաշտոնանկ անելու համար: Թռուցիկներից մեկն այս բովանդակությունն ուներ. «Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր« Բենթլիով» կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ բացի օֆշորային սկանդալից, իր՝ մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և եթե կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Թվում էր, թե Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո կավարտվի նաեւ Կճոյանի էպոխան, բայց ոչ, նա ապացուցեց, որ աշխարհը ոչ Տիգրան Սարգսյանով է սկսվում, ոչ էլ նրանով ավարտվում, նա նոր հովանի գտավ իրեն, ի դեմս երկրի բարձրագույն իշխանավորների, նա իրեն անմիջապես նետեց Տիգրան Սարգսյանին փոխարինած Հովիկ Աբահամյանի գիրկը,նրանից հետո այլ հովանիներ գտավ: Քանզի հարատեւ պիտի լինի իր թագավորությունը, աշխարհիկ բարիքների ու շքեղությունների մեջ թաթախված այն կեցությունը, որ ձեռք է բերվել ոչ թե խաչի զորությամբ, այլ այդ խաչն անարգելու , Աստծո պատվիրանները ոտնահարելու, նրա դատաստանից չվախենալու արդյունքում: Կճոյանն այժմ տեսակ է, երևույթ, բնութագիր: Այս կարկառուն այրը, մեր հոգևոր դասի հայելին է, իշխանության հենասյունը, այս իշխանության դեմքն է, նրա ճաշակը, ուստիեւ արժանի է այդ շնորհին, միայն թե պարգեւը շնորհել հետեւյալ խմբագրմամբ՝ ծառայություն ոչ թե հայրենիքին, այլ իշխանություններին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: