Ով գա իշխանության, պետք է վախ ունենա

Feb 23, 2018 Comments Off on Ով գա իշխանության, պետք է վախ ունենա

Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոյսանի համար անհասկանալի է Սերժ Սսարգսյանի վարչապետության դեմ պայքարելու որոշ ուժերի մտադրությունը. նրա կարծիքով պետք է ոչ թե անձնավորված պայքար տանել, այլ համակարգային: Ներկայացնում ենք Պետրոսյանի հետ մեր զրույցը:

Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ ամեն գնով փորձելու է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը. հնարավո՞ր է, որ այս խնդիրը հանրային եւ քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովի:

-Ես չեմ կարող ասել՝ կլինի կոնսոլիդացիա, թե ոչ, բայց որ ժողովուրդը նեղված է այս իրավիճակից եւ պատրաստ այն փոխելու, դա փաստ է. կկարողանան ընդդիմադիր  ուժերը հավատ ներշնչել ժողովրդի մեջ, սա է գլխավորը, այլապես ժողովուրդը հաստատ պատրաստ է պայքարի: Գուցե ընդդիմությունը ինչ որ բան ճիշտ չարեց ու դրանից է նաեւ հավատը պակասել:Բայց այն, որ խնդիրները չեն լուծվել, իշխանությունների հանդեպ կա հակակրանք եւ պայքարի բազա, դա փաստ է:
Արտագաղթը, սոցիալական վիճակը, ամեն ինչ վկայում է, որ երկրում դրական իրավիճակ չկա.պայքարի առիթ, ռեսուրս կա. մնում է  ճիշտ ճանապարհ ու մոտեցում ընտրել, վերականգնել նախ մարդկանց հավատը:

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը կորսված հավատը վերականգնելու համար:

-Պետք է  մի կողմ դնեն  անձնական, կուսակցական, քաղաքական խնդիրները, ամբիցիաները և ծրագիր  կազմեն, դրա շուրջ համախմբվեն, միասին մարտավարություն մշակեն, թիրախներ ընտրեն ու կարողանան ժողովրդի մեջ վերականգնել հավատը:

-Ապրիլի 17-ին արդեն նշանակված է վարչապետի ընտրության օրը, Ձեր կարծիքով այս ժամկետում կարելի՞ է որոշակի քայլեր անել ու հաջողություն ակնկալել:

-Գիտե՛ք, խնդիրը պետք է ոչ թե անձերի դեմ դնել ու անձերի դեմ պայքարել, այլ այս քաղաքականությունն իրականացնող իշխող ուժի ՝ Հանրապետականի մենաշնորհի դեմ: Ինձ համար Պողոսի կամ Շմավոնի վարչապետ դառնալու խնդիրը  կարեւոր չէ, կարեւոր է այս քաղաքական անպատժելիոթյունը վերացնելն է: Մի անգամ պետք է ժողովուրդը կարողանա իշխանություն ձեւավորել, ի վերջո, կրկնում եմ, խնդիրն անձերը չեն: Ով գա իշխանության, պետք է ունենա այն վախը, որ ժողովուրդը կարող է իրեն հեռացնել: Ղրղզստանի օրինակը տեսեք։Եթե այդ երկրում հնարավոր է այս ամենն իրականացնել, ինչու՞ մեզ մոտ հնարավոր չի: Ուրեմն քաղաքական ուժերը իրենց լիդերապաշտությունը, անձնական ամբիցիաները մի կողմ պիտի դնեն, իսկ մենք ՝հավաքվենք իշխանափոխության նպատակի շուրջ:

Հիմա եթե «Ելք»-ը փողոց դուրս գա, մարդիկ կանգնեն հրապարակում, «Ազատամարտիկների դաշինք»-ը դուրս կգա՞ պայքարի:

-Ես դաշինքի անունից խոսել չեմ կարող, որովհետեւ այդ հարցը դաշինքում չի քննարկվել։Երբ կլինի, կբարձրաձայնենք։: Երբ համոզվենք,որ մենք այդտեղ անելիք ունենք,իսկ նրանց մոտիվացիան անկեղծ է, իհարկե, անմասն չենք մնա այդ պայքարից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: