Խնայե՛ք Ձեզ, մի՛ պայքարեք կոռուպցիայի դեմ

Feb 22, 2018 Comments Off on Խնայե՛ք Ձեզ, մի՛ պայքարեք կոռուպցիայի դեմ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևան, բայց առաջընթաց և դրական արդյունք միանշանակ կա:
Թե որն է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության չափման միավորը, Դավիթ Հարությունյանը չի նշել և ձեռնպահ է մնացել թվային որևէ կոնկրետ գնահատական տալուց:Հետընթացի չափման միավորը չնվազող դժգոհություններն ու միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչների գնահատականներն են, թե կոռուպցիան չի նվազում, և որպես թիրախ մատնանշվում է հատկապես դատական համակարգը: Դավիթ Հարությունյանը չի համաձայնել, թե միջազգային կառույցները պնդում են, որ կոռուպցիան դատարաններում չի նվազել, և հիշեցրել է ԵՄ-ի ներկայացրած հանրային հարցման արդյունքները, ըստ որի՝ իրենք ակնհայտորեն տեսնում են վստահության աճի տենդենց: «Եթե Դուք ինձ հարց ուղղեք, թե արդյոք դատական համակարգը փոխվել է, թե ոչ, ապա, որպես նախկինում արդարադատության նախարար աշխատած անձ, վստահեցնում եմ` պատասխանը նորից միանշանակ է. այո՛, էական է փոխվել»,- ասել է նախարարն ու կոչ արել համեմատություն անցկացնել և գնալ դատարան, վերցնել տասը տարի առաջվա դատական ակտերը և ներկայիս դատական ակտերն ու տեսնել, թե արդյոք որակը նույնն է:

«Դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ: Սա ընդամենը որպես ֆիքսված արտացոլում, թե շարժվում է արդյոք համակարգը առաջ, թե ոչ»: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նոր չէ. թերևս դժվարչ է հիշել կամ հաշվել, թե քանի հակակոռուպցիոն հանձնաժողով ու աշխատանքային խումբ է ստեղծվել, որքան կանոնակարգ, ռազմավարություն ու հայեցակարգ է գրվել կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով: Թերևս լուրջ վերլուծության անհրաժեշտություն կա՝ հասկանալու համար, թե նյութական և մարդկային որքան ռեսուրս է վատնվել կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, և ամենակարևորը՝ ի՞նչ ենք ստացել արդյունքում:
Որակի վիթախարի աճը, որի մասին խոսել է Դավիթ Հարությունյանը, պետք է տեսանելի լիներ ոչ միայն իրեն՝ որպես նախարար, այլ դատարանների հետ գործ ունեցող մարդկանց: Նման տպավորություն քաղաքացիները չեն արտահայտել: Համակարգը գուցե շարժվում է, բայց շատ դանդաղ, և սա ակնհայտ է:
Դավիթ Հարությունյանը, որը եղել է հակակոռուպցիոն ծրագրերի անդամ, պետք է որ որոշակի պատասխանատվություն զգար և գեթ մեկ պատճառ նշեր՝ ոչ բավարար արդյունքների համար: Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության գլխավոր գրավականը քաղաքական կամքն է՝ սա գիտեն բոլորը, այդ թվում նաև Դավիթ Հարությունյանը: Ասում են՝ մի առիթով Հայաստանի նախկին վարչապետերից մեկը Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուին հարցրել է՝ ինչպես վերացնել կոռուպցիան, վերջինս ասել էր, որ, եթե կարողանաք ձեր ամենամտերիմ ընկերոջը ձերբակալել, կոռուպցիան կվերանա։
Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը չունի Լի Կուան Յուի նման առաջնորդ. քանի դեռ հակակոռուպցիան պայքարի առաջին գծում կանգնած էլիտարների մերձավորները դեռևս բանտ չեն նստել, դատական համակարգում կոռուպցիան չի կարող առաջընթաց ունենալ: Եվ վերջապես, ամենևին կարիք չկա պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է ուղղակի պայքարել, որ երկրում համատարած կիրառվեն օրենքները, և այդ ժամանակ կոռուպցիայի նվազումը շատ ակնհայտ կլինի:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: